Նախարարը սահմանային կրակոցների և ԵԱՀԿ ՄԽ լռության մասին
Քաղաքական
09:53 10/07/2014

Նախարարը սահմանային կրակոցների և ԵԱՀԿ ՄԽ լռության մասին

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտելու, խաղաղ բնակչության վրա կրակ բացելու և դիվերսիաներ անելու հարցում կարծես փոխել է մարտավարությունը: Արդեն ավանդական ուղղություններից բացի հակառակորդը գործողություններ է իրականացնում սահմանի այլ հատվածներում, կրակ բացում այն գյուղերի վրա, որոնք մշտական գնդակոծության տակ չեն եղել:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս քայլն անվանում է հայկական կողմի վրա ազդելու նոր փնտրտուքներ: Բայց, ըստ նախարարի, դրանք անկասկած բարձրացնում են մեր հրամանատարների հսկողությունը, և այդ փորձությունները մեզ մշտապես զգոն վիճակում են պահում:

«Ցանկացած պետության պաշտպանության համար պատասխանատու պաշտոնյայի համար, մինչև որևէ հանձնարարություն տալը, իրադրության գնահատումը, սթափ որոշումներ ընդունելն ամենակարևոր խնդիրներից մեկն է: Նրանք պետք է հաշվի առնեն, որ այդ հանձնարարությունները կարող են ձնագնդի էֆեկտ ունենալ, հակառակ կողմից քառապատկվել ու բումերանգի նման հարվածել իրենց»,- նախօրեին հարավ-արևմտյան սահմանագոտում տեղակայված հենակետ այցելության ժամանակ տված մամուլի ասուլիսում ասաց Սեյրան Օհանյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Հայաստանի զինված ուժերը, մարտական հերթապահություն իրականացնող ողջ անձնակազմը պատասխանում է միայն ու միայն նպատակային կրակոցներին և այդ պատասխանները լինում են շատ դեպքերում հուժկու, անհամաչափ:

«Ոչ նպատակային կրակոցներին երբևէ չենք պատասխանում: Եթե Ադրբեջանի կողմից նպատակային կրակոցներն ավելանան, ապա ցավալի, հուժկու հարվածը նրանք իրենց մաշկի վրա կզգան: Մենք հակառակորդի խաղաղ բնակավայրերը չենք գնդակոծել: Խիստ պատժելու ենք այն զինծառայողներին, ովքեր մեր բնակավայրերի վրա կրակներ են արձակում: Պետք է հաշվի առնել, որ մենք գործ ունենք զինծառայողների կյանքերի հետ: Չգիտեմ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բարոյական ի՞նչ նորմերով է ուղղորդվում, միգուցե՞ նրանք իրենց աշխատասենյակներում նստած համակարգչային խաղ են խաղում, բայց մեր համար յուրաքանչյուր զինծառայողի կյանքը, յուրաքանչյուր անհատի անձնական ապահովությունը բացարձակ արժեքներ են»,- վստահեցրեց Սեյրան Օհանյանը:

Հարցին, ինչո՞ւ պարբերաբար դիտարկումներ անցկացնող ԵԱՀԿ Մինսկի խումբը չի տեսնում ու նկատում հայկական բնակավայրերի վրա արձակված կրակոցներն ու դրանց հետքերը, նախարարը պատասխանեց. «ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է ԼՂՀ խնդրով և նրանց աշխատանքի շնորհիվ արդեն երկար տարիներ թեկուզ հարաբերական, բայց խաղաղ անդորրը կարողանում ենք պահպանել: Կառուցողական մոտեցման շնորհիվ մենք կարող ենք հարցի լուծման վերջնական եզրագծին հասնել, ընդ որում հաշվի առնելով, որ հակամարտության գործում հակամարտության կողմ է ԼՂՀ-ն, հարցի լուծման վերջնագծում կարող է այնպես լինել, որ մենք ԼՂՀ կողմի հետ նորից սկսենք զրոյից»:

Նախորդող նորություններ՝

ՊՆ. Դիվերսիաների հետմղման ժամանակ ինժեներական կառույցները մեծ դերակատարություն են ունեցել

ՊՆ արձագանքը խաղաղապահների հնարավոր տեղակայմանը

Սեյրան Օհանյանը՝ սահմանային լարվածության, 7 շրջանների «վերադարձի» և ստատուս քվոյի մասին

Placeholder
Նախարարը սահմանային կրակոցների և ԵԱՀԿ ՄԽ լռության մասին