Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անրի Ռենո. Գոհունակությամբ եմ արտահայտվում նախագահ Սերժ Սարգսյանի կոչին՝ ուղղված հարևան երկրի իր գործընկերոջը
Ֆրանսիան հույս է տածում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի ընդգրկուն կլինի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Հենց այս տրամադրվածությանը հավատարիմ մնալով՝ Ֆրանսիայի նախագահը մի քանի անգամ ցանկություն է հայտնել անձամբ Հայաստանում մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման, հիշատակման արարողություններին: Այս համատեքստում գոհունակությամբ եմ արտահայտվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կոչին՝ ուղղված հարևան երկրի իր գործընկերոջը»,- ասաց նա:
Նշենք, որ դեսպան Ռենոն նկատի ուներ մայիսի 27-ին Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարությունը՝ «պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»:
Ա. Ռենոյի խոսքով, Ֆրանսիան ցանկանում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում հայ-թուրքական հարբերությունների նորմալացման գործընթացում գրանցվի առաջընաց, որոշակի դինամիկա: Նա նշեց, որ Ֆրանսիան պատրաստակամ է սատարելու Հայաստանի բոլոր ջանքերը՝ կապված այդ հարցում առաջընթաց գրանցելու համար:
Որպես Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կողմնակից, Ֆրանսիան, ըստ նրա, որոշում է կայացրել օժանդակելու Շվեյցարային` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով վճռի բողոքարկման ընթացքում. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դրական որոշումն ինքնին արդեն վճռորոշ քայլ է լինելու, որպեսզի ընդունվիի օրենքը, որով կքրեականացվի Ցեղասպանության ժխտողականությունը»:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հակահայկական թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ իր որոշումը մեկնաբանելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար:
Շվեյցարիան դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ) վերանայելու այն վճիռը, համաձայն որի Շվեյցարիայի դաշնային դատարանը ոտնահարել է թուրք ազգայնական Դողու Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը, երբ նրան տուգանել է՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հերքելու համար:
Համաձայն Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը երկրի ռասսայական խտրականության օրենքի խախտում է: