Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները
Քաղաքական
11:11 14/07/2014

Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունեցել Իրանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որի նպատակը հուլիսի 20-ին ընդառաջ համապարփակ համաձայնագրի հարցում առկա տարաձայնությունների շուրջ քննարկումներ անցկացնելն էր:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել է. «Իրանի միջուկային խնդրի հարցում դեռևս արդյունքի չենք հասել, առջևում ծանր շաբաթ է սպասվում: Նախարարների հետ ունեցած բանակցությունների ժամանակ փորձել ենք օգտվել ստեղծված հնարավորությունից և փնտրել համաձայնության հասնելու ուղիներ»:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, անդրադառնալով բանակցությունների արդյունքներին, նշել է, որ Զարիֆի հետ հաջող բանակցություններ է ունեցել, և հավելել, որ համաձայնության հասնելու նպատակով պետք է շարունակել բանակցությունները:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլիամ Հեյգը, ամփոփելով բանակցությունների արդյունքները, հայտարարել է. «Իրանը պետք է ապացուցի, որ միջուկային ծրագիրն ունի խաղաղ նպատակներ. Դեռևս չենք կարողացել լուծել առկա խնդիրները, սակայն համաձայնության հասնելու նպատակով կշարունակենք բանակցությունները»:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսն էլ, անդրադառնալով բանակցություններին, նշել է, որ «5+1 խմբի» անդամ երկրները վճռական են միջուկային խնդրի հարցում Իրանի հետ ձեռք բերել կայուն համաձայնություն:

Միջուկային բանակցություններում ներգրավված մեկ այլ երկրի՝ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էլ նշել է. «Գնդակն Իրանի դաշտում է. առայժմ հստակ չենք կարող ասել, թե բանակցություններն արդյունք կտան, թե՞ ոչ: Իրանը պետք է ապացուցի, որ ցանկանում է համագործակցել միջազգային հանրության հետ, նա պետք մտածի այդ հարցի շուրջ»:

Նշենք, որ հուլիսի 2-ից Վիեննայում մեկնարկել է Իրանի և «5+1 խմբի» 6-րդ հանդիպումը. 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված «Համատեղ քայլերի ծրագրի» կատարման համար նախատեսված 6-ամսյա ժամկետն ավարտվում է հուլիսի 20-ին:

Հավելենք, որ «5+1 խմբի» մյուս անդամների՝ Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները չեն մասնակցել Վիեննայում կայացած հանդիպմանը:

Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝

Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը կանցնի առանց Սերգեյ Լավրովի

Իրանի ԱԳ նախարար. Հուլիսի 20-ին հուսով եմ պատմական իրադարձության ականատեսը կլինենք

ԱՄՆ-ն չի բացառում, որ հուլիսի 20-ին միջուկային հարցում Իրանի հետ համաձայնություն ձեռք կբերվի

Օբամա. Մենք վճռական ենք Իրանին հետ պահել միջուկային զենք ձեռք բերելուց

Իրանի հոգևոր առաջնորդ. Արևմուտքի առաջ քաշած միջուկային խնդիրը միայն պատրվակ է

Placeholder
Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները