Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ. «Փակ սահմանները մենք կարող ենք բացել մեր համագործակցության միջոցով»
Մշակույթ
16:34 14/07/2014

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ. «Փակ սահմանները մենք կարող ենք բացել մեր համագործակցության միջոցով»

Թուրք ռեժիսոր Դևրիմ Աքքայայի «Դիար» վավերագրական ֆիլմում ռեժիսորը պատմում է իր ընտանիքի պատմությունը, իր հայ պապի պատմությունը: Նա փորձում է հասկանալ, ով է եղել իր պապը, ինչու է թաքցրել իր ինքնությունը, ինչ իրողությունների պատճառով է դա տեղի ունեցել: Այդ ամենն իր ազդեցություն է ունենում իրենց ընտանիքի այսօրվա կարգավիճակի վրա:

«Նմանատիպ պատմությունները շատ են թուրքական ընտանիքներում: Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շնորհիվ նմանատիպ պատմություններն այսօր բարձրաձայնվում են, դրանց մասին նկարահանվում են ֆիլմեր»,-լրագրողների հետ զրույցում ֆիլմի սյուժեն ներկայացնելուց հետո ասաց «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հայկական կողմի համակարգող Սուսաննա Հարությունյանը:

Նա նշեց, որ հայերն ու թուրքերն ունեն իրար պատմելու, իրար հետ կիսվելու պատմություններ. «Դրա վկայությունն են արդեն ստեղծված 15 ֆիլմերն ու այն նախագծերը, որոնք ստացել ենք այս տարի: Պատմությունները վերաբերում են պատմական թեմաների, ունեն սոցիալական բնույթ, նաև ինքնություն խնդիրներ են արծարծում: Ունենք թեմաների մի շարք, որոնց շուրջ կարող ենք խոսել, երկխոսություն ծավալել, ընդառաջ գնալ այն քաղաքական հարցերին, որոնք այսօր ակտուալ են, դրված են սեղանին: Դրանք արվեստագետների կողմից կարող են այլ տեսանկյունից նայվել, և փակ սահմանները մենք կարող ենք բացել մեր համագործակցության միջոցով»:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իրականացվում է «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի շրջանակում: Այսօր Երևանում իր աշխատանքներն է սկսել կինոպլատֆորմի նախագծերի զարգացման աշխատաժողովը:

Աշխատաժողովը բաղկացած է լինելու դասընթացներից, հանդիպումներից և նախագծերի ներկայացումներից: 10 նախագծերից մեկը ստանալու է 10 000 ԱՄՆ դոլար մրցանակ:

Նախագծերի հավաքագրումը սկսվել է 2014 թվականի մայիսի 1-ից, վերջնաժամկետը հունիսի 1-ն էր, որը հետագայում հետաձգվեց մինչև հունիսի 15-ը: Հավաքված նախագծերից 10-ը (5-ական` Թուրքիայից և Հայաստանից, ընդ որում երկուսը համատեղ արտադրություն են` Ֆրանսիայի և Գերմանիայի հետ) ընտրվել են մասնակցելու մրցույթին:

«Դիար» ֆիլմի երևանյան պրեմիերան կայանալու է հենց կինոպլատֆորմի շրջանակներում:

«Անադոլու Կուլտուր» կազմակերպության խորհրդատու, պրոդյուսեր, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի թուրքական կողմից համակարգող Չիգդեմ Մաթերը կարևորեց այս նախագծի իրականացումը: Նա նշեց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիատական հարաբերությունների բացակայության պատճառով երբեմն դժվարանում է համատեղ աշխատանքները. «Երբեմն Թուրքիայի կառավարությունը թույլ չի տալիս նկարահանում կատարել Թուրքիայում»: 

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը սկսել է իր գործունեությունը 2008 թվականին` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Կուլտուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 15 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից: Այս միջոցառումը իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ 2014» նախագիծը համաֆինանսավորված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհով:

Placeholder
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ. «Փակ սահմանները մենք կարող ենք բացել մեր համագործակցության միջոցով»