Պաշտոնական Ստեփանակերտը անտարբեր չէ Լևոն Հայրապետյանի հետ կատարվածին
Քաղաքական
17:31 17/07/2014

Պաշտոնական Ստեփանակերտը անտարբեր չէ Լևոն Հայրապետյանի հետ կատարվածին

Պաշտոնական Ստեփանակերտի համար զարմանալի էր արմատներով Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղից մեծահարուստ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը, այնուհետև կալանավորումը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Իրոք, մեզ համար, ողջ մեր ժողովրդի համար շատ տարօրինակ ու զարմանալի պրոցես էր այն, ինչ կատարվեց Լևոն Հայրապետյանի հետ», -հավելեց Դավիթ Բաբայանը:

Այդուհանդերձ, Արցախում չեն շտապում գնահատական տալ Հայրապետյանի հետ կատարվածին:

«Մենք չպետք է կորցնենք մեր ողջամտությունը և տեսնենք` ինչ է տեղի ունենում: Հույս ունեմ, որ ամեն ինչ նորմալ պետք է ընթանա, ու ներկա դրությամբ փորձել ինչ-որ գնահատականներ տալ, մեկնաբանել, հասկանալ պատճառները, ճիշտ չէ ու վաղաժամ է», -ասաց Դավիթ Բաբայանը:

Նկատենք, որ արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) հայտարարություն էր տարածել ու նշել, որ Հայրապետյանին ձերբակալության հետևում քաղաքական պատվեր կա:

«Երկար տարիներ ճանաչելով Լևոն Հայրապետյանին՝ ինձ մոտ ոչ մի կասկած չկա. այս ակցիան նպատակ ունի ստվեր նետել հայ-ռուսական բարեկամության վրա և կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական միությանն անդամակցելու նպատակահարմարությունը, ինչպես նաև որոշակիորեն ազդելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կառուցման վրա:

Վերոնշյալը բերում է այն մտքին, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալության և նրա նկատմամբ գործ հարուցելու հետևում քաղաքական պատվեր է կանգնած: Միակ պետությունն աշխարհում, որը հիմք ունի դժգոհելու Լևոն Հայրապետյանի գործունեությունից Ադրբեջանն է, որի ղեկավարությունը միշտ մեծագույն նախանձով է վերաբերում հայոց պետության հաջողություններին», -հայտարարության մեջ ասել էր Կոմանդոսը:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակն ասաց, որ ժամանակը ցույց կտա` քաղաքական ենթատեքստ կա՞ այդ ամենի հետևում, թե՞ոչ:

«Կարծում եմ, որ նաև բարոյական տեսանկյունից ճիշտ չէ շահարկել այդ հարցը. Լևոն Հայրապետյանի վիճակն այնպիսինը չէ, որ սկսենք շահարկել, փորձենք ինչ-որ բաներ գտնել: Ժամանակը ցույց կտա, թե ինչ է լինելու հետո և այն ժամանակ պարզ կլինի` քաղաքական ենթատեսքտ կա՞ր այդ ամենի մեջ, թե՞ ոչ», -հավելեց մեր զրուցակիցը:

Բայց միևնույն ժամանակ, նրա խոսքով, այդ հարցում չշտապելը չի նշանակում, որ Ստեփանակաերտը անտարբեր է Լևոն Հայրապետյանի ճակատագրին, այլ հակառակը շատ հետաքրքրված է:

«Մենք շատ ենք հետաքրքրված Հայրապետյանի ճակատագրով ու դրա համար մենք չենք ցանկանում այնպիսի մի հայտարարություն անել, որը կարող է վնաս պատճառել գործընթացին», -հավելեց Բաբայանը:

Հարցին, թե ԼՂՀ նախագահը կապվե՞լ է Հայրապետյանի փաստաբանի հետ, փորձե՞լ է հասկանալ իրավիճակը, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրավիճակը պարզենք, իմանանք ողջ պրոցեսը, այնուհետև պարզ կլինի, թե ինչով կարող ենք օգտակար լինել»:

Լևոն Հայրապետյանի հետ կատարվածը, ըստ Բաբայանի, Ադրբեջանի համար տոն է, քանի որ այդ պետության համար տոն է ցանկացած հայի հետ կատարված վատ դեպք կամ դժբախտություն:

«Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից Հայրապետյանի հետ կատարվածը պատվեր համարելուն, ապա դա ցույց կտա ժամանակը», -եզրափակեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը:

Հարակից հրապարակումներ`

Լևոն Հայրապետյանը կալանավորվեց. Դատարանը բավարարել է միջնորդությունը

Լևոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը վերջնական չէ. Փաստաբան

Լևոն Հայրապետյանի եղբայրը քաղաքական հաշվեհարդար է համարում եղբոր ձերբակալությունը

Ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը

Լևոն Հայրապետյանի ձերբակալության և գործ հարուցելու հետևում քաղաքական պատվեր է կանգնած. Կոմանդոս

Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել

Placeholder
Պաշտոնական Ստեփանակերտը անտարբեր չէ Լևոն Հայրապետյանի հետ կատարվածին