Դուք այստեղ գանձ ունեք. Անգլիացի գրողի տպավորությունները Հայաստան կատարած այցից
Մշակույթ
14:00 18/07/2014

Դուք այստեղ գանձ ունեք. Անգլիացի գրողի տպավորությունները Հայաստան կատարած այցից

Շատ գեղեցիկ ու առեղծվածային երկիր է Հայաստանը: Հնագուն քաղաքակրթությունների գծով բրիտանացի փորձագետ Գրեմ Հենքոքը (Graham Hancock) իր այս ու այլ վառ տպավորությունները արտացոլելու է շուտով հրապարակվելիք իր գրքում: Հենքոքը, որ բրիտանացի լրագրող և գրող է, տասնյակից ավելի գրքերի և երկու ֆիլմերի հեղինակ, Հայաստան է հրավիրվել հնագուն քաղաքակրթությունների գծով փորձագետ Վազգեն Գևորգյանի կողմից:

«Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան, շատ հաճելի է գտնվել այս երկրում: Ես մոտ մեկ տարի ինտերնետով կապ եմ ունեցել Վազգեն Գևորգյանի հետ, նա ինձ հրավիրում էր Հայաստան, բայց ես ժամանակ չունեի: Վերջապես ունեցա ժամանակ ու եկա և չեմ զղջում` բավականին շատ առեղծվածային բաներ եմ տեսել Հայաստանում: Հիանալի այցելություն էր», -այսօր «Նոյան տապան»-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց անգլիացի գրողը:

Ասաց, որ ծանր տպավորություններ է ստացել Հայաստանի ողբերգական անցյալից ու հավելեց. «Աշխարհը անարդարացի է հայ ժողովրդի նկատմամբ, բայց ինչևէ, Հայաստանը դիմակայել է ու աճել է: Բայց իմ ամենամեծ տպավորությունն այն է, որ հանդիպեցի ջերմության, ազնվության ու հյուրասիրության: Այս երկիրը շատ բաներ ունի ցույց տալու աշխարհին»:

Նա հստակեցրեց, որ Հայաստան այցելել է հենց այդ նպատակով. այս երկրի հրաշալիքները պետք է ցույց տալ աշխարհին:

«Դուք այստեղ ազգային արժեք, գանձ ունեք, որը արժանի է, որ ճանաչվի աշխարհում», -հավելեց բանախոսը:

Հենքոքի հետ միասին Հայաստան է ժամանել նաև նրա կինը` Սանտա Ֆայան (Santha Faiia), ով լուսանկարիչ է և լուսանկարել է Հայաստանի բոլոր տեսարժան վայրերը, որոնք հենց նույն գրքում կտպագրվեն:

Փորձագետ Վազգեն Գևորգյանը նեևրկայացրեց, որ անգլիացի մասնագետների հետ միասին այցելել են «Զվարթնոց» արգելոց-թանգարան, Էջմիածին, Ագարակ հնավայր, Դվին:

«Պարոն Հենքոքը ապշահար էր եղել, որ նման գեղեցկություն էր տեսնում: Դրանից հետո մենք ուղևորվեցինք Սյունիքի տարածաշրջան, այնտեղ այցելեցինք Քարահունջ, Աստղադիտարան, Ուխտասար, Տաթևի հնավայր, Գորիսի թանգարան», -ներկայացրեց Գևորգյանը:

Placeholder
Դուք այստեղ գանձ ունեք. Անգլիացի գրողի տպավորությունները Հայաստան կատարած այցից