Տիգրան Աչոյան. Կիև-Երևան-Կիև չվերթը կիրականացվի նոր փոխհամաձայնեցված երթուղով
Հասարակություն
13:35 18/07/2014

Տիգրան Աչոյան. Կիև-Երևան-Կիև չվերթը կիրականացվի նոր փոխհամաձայնեցված երթուղով

Կիև-Երևան չվերթը երեկ երեկոյան իրականացվել է 3 ժամ ուշացումով, իսկ Երևան-Կիև չվերթն իրականացվել է ժամանակին:

«Կիև-Երևան չվերթի ուշացումը պայմանավորված էր զուտ այն բանով, որ դեպքից հետո, ըստ գործող կարգի և միջազգային թռիչքների անվտանգության ապահովման պահանջների, որը միջպետական համաձայնագրերով ու կոնվենցիաներով է կարգավորվում, ուկրաինական ավիացիոն իշխանությունները կատարեցին օդային երթուղիների փոփոխություն»,- Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Տիգրան Աչոյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի տարածքում, ռուսական սահմանին մոտ խոշոր ավիաաղետ է տեղի ունեցել. մալայզիական ավիաընկերությանը պատկանող Բոինգ 777-ը, որը Ամստերդամ-Կուալա-Լումպոր չվերթն է իրականացնելիս եղել, մուտք գործելով ՌԴ օդային տարածք, սկսել է իջնել, ինչի արդյունքում նրան Ուկրաինայի տարածքում հայտնաբերել են այրվելիս: Ինքնաթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 295 մարդ՝ 15-ն անձնակազմի անդամներ են եղել, 280-ը՝ ուղևոր:

Ուկրաինական ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավարն ասաց, որ ընկերությունը պաշտոնապես հանդես է եկել հայտարարությամբ և այն դիրքորոշումն ունի, որ օդային երթուղիները ճշգրտված են, Կիև-Երևան-Կիև չվերթը կիրականացվի նոր փոխհամաձայնեցված երթուղով, որը նվազագույնը 200 կմ հեռու է ծավավող իրադարձությունների վայրից:

Աչոյանը նշեց, որ այն ավիաընկերությունները, որոնք առնչություն ունեն Ուկրաինայի տարածքի հետ, ճշգրտումներ են մտցրել երթուղիներում և որևէ խնդիր լինել չի կարող:

«Այսինքն Կիև-Երևան-Կիև չվերթները կկատարվեն կանոնավոր ու ժամանակին»,-ասաց Աչոյանը, հիշեցնելով, որ ամեն օր իրականացվում են Կիև-Երևան-Կիև, իսկ շաբաթական մեկ անգամ՝ Օդեսա-Երևան-Օդեսա երթուղիներով չվերթներ:

Աչոյանն ընդունում է, որ աղետի հետևանքով շատերն են անհանգստացած, բայց միջազգային ավիացիոն կառույցները շատ արագ արձագանքում են նման դեպքերին ու արագ կանոնակարգումներ իրականացնում:

«Ես մարդկայնորեն հասկանում եմ ցանկացած ուղևորի, մարդկանց պետք է բացատրել, որ որևէ խնդիր չկա, չի կարող լինել: Պլանների անիմաստ փոփոխություններ պետք չէ անել»,-ասաց ավիաընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

Նախորդող հրապարակումներ՝

ՔԱԳՎ. Հայաստանից դեպի Ուկրաինա չվերթների փոփոխություն չկա

Աղետի ենթարկված օդանավում է եղել ԱՀԿ մամուլի քարտուղարը

Համացանցում հայտնվել են կործանված օդանավի մեջ արված վերջին կադրեր 

Placeholder
Տիգրան Աչոյան. Կիև-Երևան-Կիև չվերթը կիրականացվի նոր փոխհամաձայնեցված երթուղով