Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լրատվամիջոցներն ավելի շատ գրել են դատական համակարգի, քան դատախազության մասին. Հետազոտություն
Գլխավոր դատախազության գործունեության լուսաբանման հարցում լրատվամիջոցներն ավելի պասիվ նախաձեռնություն են դրսևորում, քան դատական իշխանության գործունեության կապակցությամբ: Այդ մասին այսօր հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը` «Մեդիա կենտրոն»-ում ներկայացնելով էլեկտրոնային լրատվամիջոցներում ՀՀ դատական համակարգին վերաբերող հրապարակումների մասով իրականացրած ուսումնասիրության արդյունքները:
«Եթե դատական համակարգում գոյություն ունեցող հիմնախնդիրների վերաբերյալ լրատվամիջոցները նախաձեռնողականություն կդրսևորեն իրենց սեփական հետաքննությունն իրականացնել ու ներկայացնել, ապա դատախազության վերաբերյալ տվյալները եղել են ՄԻՊ հրապարակած զեկույցի կապակցությամբ: Ավելի քիչ են եղել դեպքեր, երբ լրատվամիջոցը փորձել է հրապարակումներով դուրս բերել այդ համակարգում գոյություն ունեցող խնդիրները», -հավելեց Հարությունյանը:
Նկատենք, որ հետազոտության թիրախում եղել են 2009-ի հունվարի 1-ից մինչև 2013-ի մայիսի 31-ը հրապարակված նյութերը և ուսումնասիրվել են շուրջ 26 էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումներ:
«Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած քննարկմանը ներկա ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն իր հերթին նշեց, որ հետազոտությունից տպավորություն է ստացել` ոչ թե նպատակ են ունեցել հետազոտել հասարակական կարծիքը, այլ նպատակ են ունեցել հիմնավորել հասարակության բացասական կարծիքը:
Դեպարտամենտի պաշտոնյայի խոսքով, հետազոտողները զեկույցում նշում են, որ կա հասարակական անվստահություն դատական համակարգի նկատմամբ, սակայն չեն ներկայացվում հիմքերը` որտեղից նման եզրակացություն:
«Սա ուղղակի մի որոշ ժամանակահատվածի համար սղագրություն է մամուլից, որը գոնե ինձ և իմ ղեկավարած ծառայությանը ոչինչ չի տալիս» -նշեց Բաբայանը` նկատելով, որ օրինակ 2013-ից մինչ այժմ, երբ հետազոտություն չի կատարվել, դատական ատյաններում քաղաքացիները մեծ թվով գործեր են շահում:
Հարությունյանն ի պատասխան հստակեցրեց, որ իրենք ուղղակիորեն ներկայացրել են լրատվամիջոցի գնահատականը դատաիրավական համակարգի ու դատախազության գործունեության վերաբերյալ:
«Մենք հատուկ բացասական բառեր չենք փնտրել, փոփոխություն չենք կատարել լրատվամիջոցի ներկայացրած հրապարակումներում, վերցրել ու ներկայացրել ենք», -նկատեց Հարությունյանը:
Արսեն Բաբայանի արձագանքը հետևյալն էր. «Այսինքն, վերցրել եք մամուլի հրապարակած նյութը ու վերահրապարակել: Ես կարծում եմ, որ այս աշխատանքի իմաստն ընդհանրապես չկար: Մեծ հաշվով ստացվում է մամուլի տեսություն»: Բաբայանի խոսքով, ցածր իրավագիտակցության հետևանք է այս հետազոտությունը: