Կասպից ծովը վերածվում է տնտեսական և քաղաքական սուր մրցակցության բարդ հանգույցի
Քաղաքական
14:48 28/07/2014

Կասպից ծովը վերածվում է տնտեսական և քաղաքական սուր մրցակցության բարդ հանգույցի

Այս տարվա աշնանը Ռուսաստանի Աստրախան քաղաքում կայանալիք Կասպյան 4-րդ գագաթաժողովի անցկացման համար Մոսկվան հատկացրել է 427 միլիոն ռուբլի:

Աստրախանում կայանալիք Կասպյան երկրների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի, մասնակցությամբ հերթական գագաթաժողովի ընթացքում քննարկվելու է Կասպից ծովի իրավական կարգավիճակին վերաբերվող հարցեր:


Կասպյան հիմնահարց.  Խնդրի էությունը և կողմերի դիրքորոշումները

Կասպից ծովի կարգավիճակի շուրջ գագաթաժողովները տեղի են ունեցել 2002թ.-ին Աշգաբադում, 2007թ.-ին՝ Թեհրանում, և վերջին անգամ 5 երկրների մասնակցությամբ ձևաչափով հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում՝ 2010թ.-ին:

Բաքվում Կասպյան երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել է անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու և համագործակցության հուշագիրը:

Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրը առաջացել է 1991թ.-ից հետո, երբ Կասպից ծովում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջացան անկախ հանրապետություններ՝ Ռուսաստանը,Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը: Մինչ այդ, Կասպից ծովը 250 տարի շարունակ համարվում էր Ռուսական և Պարսկական կայսրությունների քաղաքական և տնտեսական շահերի տարածք:

Կասպից ծովի երկրներից յուրաքանչյուրը յուրովի մոտեցում ունի ծովի և նրա բնական հարստությունների բաժանմանը:

Ռուսաստանը առաջարկում է բաժանել ծովի հատակը միջին գծով, որպեսզի յուրաքանչյուր երկիր՝  ծովի իր սահմաններում ինքնիշխան վերահսկողություն հաստատի հանքային և այլ ռեսուրսների նկատմամբ, սակայն պահպանվի Կասպից ծովի մակերևույթի ընդհանուր օգտագործման և ազատ նավարկության սկզբունքը:

Ադրբեջանը իր հերթին հանդես է գալիս Կասպից ծովի ազգային գոտիներով բաժանման օգտին, ինչը ենթադրում է ծովի հատակի, մակերեսի, օդային սահմանների հստակ տարանջատում:

Նույն դիրքորոշումն էր որդեգրել նաև Թուրքմենստանը, որտեղ երկրի նախագահի հրամանով ստեղծվել էր Կասպից ծովի թուրքմենական հատվածի յուրացման ազգային ծառայությունը, ինչը Ադրբեջանի դիրքորոշման հետ միասին հակասության մեջ է մտնում Կասպից ծովի կարգավիճակի հետ:

Իրանը ցանկանում է պահպանել Կասպից ծովի ընդհանուր օգտագործման գաղափարը, կամ բաժանել այն հավասար մասերի՝ 20%-ով յուրաքանյուր երկրին:


Կասպից ծովի միլիտարիզացիան

Կասպից ծովի յուրահատուկ դիրքը և բնական հարստությունները այդ տարածաշրջանի վրա են սևեռում ուժային տարբեր կենտրոնների ուշադրությունը և ստիպում Կասպից ծովի երկրներին ուժեղացնել իրենց ռազմական պոտենցիալն ու համալրել կասպյան նավատորմերը:

Կասպից ծովում ամենահզոր նավատորմը ունի Ռուսաստանը: Ռուսաստանի կասպյան նավատորմի մեջ է մտնում գրեթե 30 տարբեր տեսակների և ռազմական հզորությունների նավեր: Ռուսական կասպյան նավատորմի ամենահզոր ռազմանավերն են «Հեպարդը» (Гепард), «Թաթարստանը» (Татарстан) և «Դաղստանը» (Дагестан), որոնք ունեն հրետանային, տորպեդային և հրթիռային համակարգեր:

Ռուսաստանից հետո Կասպից ծովում իր ռազմական պոտենցիալով աչքի է ընկնում Իրանը, որը Կասպից ծովում ունի 3 ռազմակայան, որոնցից մեկը օգտագործվում է զորավարժանքների համար: Իրանը իր տրամադրության տակ ունի չինական «Houdong», գերմանական «Kaman» և սեփական «Sina» արտադրության ռազմանավեր:

Ղազախստանը զիջում է Իրանին և Ռուսաստանին իր ռազմական ներուժով Կասպից ծովում: Ղազախստանի գլխավոր ուժը Կասպից ծովում 20971 դասի «Ղազախստան» (Казахстан) հրթիռային մոտորանավակն է: Մոտակա տարիներին Աստանան ձեռք կբերի հարավկորեական Yoon Young-ha տեսակի հրթիռային մոտորանավակներ և հետագայում շարունակելու է իր նավատորմի համալրումը:

Ադրբեջանի կասպյան նավատորմը համալրված է 159А ռազմանավով և 5 հատ 205П տեսակի հրթիռային մոտորանավակներով: Բացի այդ, Բաքուն Թուրքիայից ձեռք է բերել տարբեր տեսակի նավեր և մոտորանավակներ: Ադրբեջանի ռազմածովային ուժերը համալրված են նաև 770, 771 և 106 դասի ռազմանավերով:

Ինչ վերաբերվում է Թուրքմենստանին, ապա Աշգաբադը ձեռք է բերել «Գայռատլի» (Гайратлы) и «Էդերմեն» (Эдермен) ռազմանավերը, որոնք զինված են «ՈՒրան» (Уран-Э) հրթիռային 16 համակարգերով: Մոտակա ժամանակներս, Թուրքմենստանը պատրաստվում է գնել ևս 3 հրթիռային մոտորանավակ: «Խազար-2012» զորավարժությունների ընթացքում Թուրքմենստանը ցուցադրեց իր կասպյան նավատորմի ներուժը և լուրջ մտադրությունները Կասպից ծովում իր շահերը պաշտպանելու համար:

Այդ երկրի ղեկավարությունը ընդունել է մինչև 2015թ.-ը Կասպյան նավատորմի զարգացման ռազմավարությունը, իսկ 2011թ.-ին առաջին անգամ նշվեց Թուրքմենստանի ռազմածովային ուժերի օրը:

Էներգետիկ-տրանսպորտային նախագծերը Կասպից ծովում

Վերջերս Թուրքմենստանը որոշում կայացրեց Կասպից ծովի ափին նոր նավահանգստի շինարարության իրականացման վերաբերյալ: Թուրքմենբաշու միջազգային առևտրային նավահանգստի հիմնարկեքին մասնակցել են Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքմենական նոր նավահանգիստը կլինի բազմաֆունկցիոնալ և այն կկարողանա սպասարկել նավթ, գազ արտահանող տանկերներ, ինչպես նաև տարբեր արդյունաբերական նշանակության ապրանքների տեղափոխությամբ զբաղվող նավեր: Թուրքմենբաշիի նոր նավահանգստի ընդհանուր մակերեսը կկազմի 1 միլիոն 200.000 քմ տարածք:

Դեպի նավահանգիստ կկառուցվեն նոր ճանապարհներ և երկաթգիծ, որպեսզի նավահանգիստը ձեռք բերի տարանցման մեծ հնարավորություններ՝  դեպի Կենտրոնական Ասիայի այլ երկրներ և Չինաստան:

Էրդողանի մասնակցությունը հիմնարկեքին բացատրվում է ինչպես թուրքական ավանդական հետաքրքրություններով՝ Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրներում ամրապնդվելու և ազդեցության լծակներ ձեռք բերելու առումով, ինչպես նաև այն փաստով, որ հենց թուրքական Gas Insaat ընկերությունն է շահել Թուրքմենբաշիի նավահանգստի շինարարության տենդերը:

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 48 ամսվա ընթացքում:

Թուրքմենստանը ցանկանում է Կասպից ծովի տարածաշրջանում վերածվել Կենտրոնական Ասիա-Կովկաս-Եվրոպա՝ TRACEKA միջազգային տրանսպորտային-կոմունիկացիոն միջանցքի կարևորագույն օղակի և Մերձկասպյան տարածաշրջանի յուրօրինակ դարպասների՝  Նոր մետաքսե ճանապարհի վրա:

Կասպից ծովի ավազանում Թուրքմենստանի կողմից նախատեսված խոշորագույն տրանսպորտային, ինչու ոչ և աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող այս նախագիծը միակը չէ Կասպյան ավազանում:

Կասպից ծովի արևմտյան՝  ադրբեջանական ափին նախատեսվում է Բաքվի մերձակայքում կյանքի կոչել Ալյաթ նոր նավահանգիստը, որը իր հերթին տրանսպորտային (լաստանավային) փոխադրումներով կկապվի Թուրքմենբաշիի նոր նավահանգստի հետ՝  կազմելով Կասպյան ավազանում նոր տրանսպորտային ինտեգրացիայի մի մասնիկը:

Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող Ալյաթ ավանում կառուցվող նավահանգիստը, որի շինարարությունը սկսվել է 2010 թ.-ին նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2015թ.-ը:

Տարեկան նոր նավահանգիստը կկարողանա ընդունել մինչև 11.5 միլիոն տոննա բեռ, բացի այդ, Ալյաթ նավահանգիստը կապված է Ադրբեջան-Վրաստան երկագծի հետ, ինչը ենթադրում է Կասպից ծով-Սև ծով տարածաշրջանում տարանցման հնարավորություններ:

Բացի այդ, Ղազախստանը իր նավթն է արտահանում միջազգային շուկա օգտագործելով Ադրբեջանի տարանցիկ հնարավորությունները: Բաքվի և ղազախական Աքթաու նավահանգիստների միջև գործում է լաստանավային փոխադրումներ: Տարեկան Ղազախստանը Ադրբեջանի տարածքով կարտահանի 4 միլիոն տոննա նավթ, ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել վերջերս:

Այսպիսով, Կասպից ծովում լարվածությունը շարունակելու է պահպանվել, քանի որ այդ տարածաշրջանում գոյություն ունեն նավթագազային վիճելի հանքեր Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև, որոնք չեն ցանկանում գնալ զիջումների այդ հարցում, ինչպես նաև բավականին լարված են հարաբերությունները Իրանի և Ադրբեջանի միջև: Ռուսաստանն էլ չի ցանկանում թույլ տալ ղազախական և թուրքմենական նավթի և գազի այլընտրանքային ուղիներով՝ Ադրբեջանով արտահանումը դեպի Արևմուտք, ինչը կթուլացնի այդ երկրների տարանցման և քաղաքական կախվածությունը Մոսկվայից, ինչպես նաև կուժեղացնի արևմտյան անդրազգային ընկերությունների ազդեցությունը ռուսական կենսական շահերի տարածք համարվող Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում:

Արտյոմ Բալասանով 

Placeholder
Կասպից ծովը վերածվում է տնտեսական և քաղաքական սուր մրցակցության բարդ հանգույցի