Էնտերովիրուսային վարակներով հիվանդացության դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է
Առողջություն
17:13 29/07/2014

Էնտերովիրուսային վարակներով հիվանդացության դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում էնտերովիրուսային վարակներով հիվանդացության դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Ըստ նրա` եթե 1-2 ամիս առաջ օրական հոսպիտալացվում էր 8-9 հիվանդ, նույնիսկ եղել են դեպքեր, երբ այդ թիվը հասել է 15-ի, ապա վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական գրանցվում է հոսպիտալացման 3 դեպք:

«Սակայն լաբորատոր փորձաքննությունից հետո հոսպիտալացված հիվանդների միայն 1/3-ի մոտ է հաստատվում էնտերովիրուսային հարուցիչը»,- ասաց Գ.Սահակյանը:

Նրա խոսքերով` սուր վարակիչ այս հիվանդությունից ծանր դեպքեր լինում են, սակայն հանրապետության 3 հիվանդանոցներում հոսպիտալացված ոչ մի հիվանդի դեպքում ծայրահեղ վիճակ բժիշկները չեն գրանցել:

«Էնտերովիրուսային ամենածանր տեսակը մենինգիտներն են՝ ուղեղի թաղանթի բորբոքումը։ Սակայն Հայաստանում հոսպիտալացվածների շրջանում ծանր մենինգիտների դեպքեր չեն արձանագրվել: Հիվանդներն արագ ապաքինվել են` առավելագույնը հոսպիտալացվելով 5 օր»,- ասաց Գ.Սահակյանը:

Նշվեց նաև, որ դեպքերը գրանցվել են մինչև 18 տարեկանների շրջանում, գերազանցապես` 3-8 տարիքային խմբում: 18-ից բարձր տարիքային խմբում էնտերովիրուսային վարակով հարուցիչ չի գրանցվել: Հետաքրքիր է, սակայն հիվանդները հիմնականում տղաներ են եղել:

«Դա մեզ համար էլ էր բացահայտում: Սակայն դա բացատրում ենք նրանով, որ տղաները ավելի շատ են լողանում դեկորատիվ ավազաններում ու գետերում»,- ասաց Գ.Սահակյանը:

Նշենք, որ էնտերովիրուսները կայուն են արտաքին միջավայրում` մակերեսային ջրամբարների ջրերում, դեկորատիվ լողավազաններում, գետերում և խոնավ հողում կարող են պահպանվել մինչև 5-6 ամիս: Տարիքային և սեզոնային որևէ օրինաչափություն չկա. հիվանդանում են բոլորը, տարվա բոլոր եղանակներին: Հիվանդության առանձնահատկությունը նաև այն է, որ մարդը կարող է վիրուսը կրել, բայց ոչ մի ախտանիշ չլինի նրա մոտ: Աղիքային ինֆեկցիաներին կամ սուր շնչառական վարակներին բնորոշ ձևեր՝ այսպես են արտահայտվում էնտերովիրուսները: Սա հենց այս վիրուսի գլխավոր առանձնահատկությունն է, ինչն էլ մասնագետներին թույլ չի տալիս պարզել հիվանդության աղբյուրը:

Մասնագետի խոսքերով` հիվանդությունը սկսվում է բարձր ջերմությամբ, անտանելի գլխացավով, նկատվում է թուլություն, որովայնի հատվածում ցավեր, անզուսպ փսխումներ: Հիվանդությունը, հիմնականում փոխանցվում է բերանի խոռոչով, բայց կարող է փոխանցվել նաև շնչառական ուղիներով՝ օդակաթիլային եղանակով, ինչպես նաև կենցաղային ճանապարհով՝ ձեռքերի միջոցով:

Գ.Սահակյանը նշեց, որ վիրուսի այդ տեսակը մեզանում նորություն չէ։ Էնտերովիրուսները վաղուց հայտնաբերված հարուցիչներ են և մշտապես գոյություն են ունեցել: Պարզապես Հայաստանում այսօր լաբորատոր ախտորոշումն էապես բարելավվել է: Հայաստանում առաջին անգամ իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով հետազոտություն, ինչը հնարավորություն է տվել հայտնաբերել հարուցիչը:

«Այսինքն` կատարյալ մեթոդաբանության առկայության արդյունքում հնարավոր է դարձել հիվանդությունն ախտորոշելը»,- ասաց նա:

Նա նաև խորհուրդ տվեց խիստ պահպանել ձեռքերի հիգիենան: Եթե տանը կա հիվանդ, ապա նրան չխնամել ողջ ընտանիքով, պետք է մեկը խնամի և հնարավորության դեպքում օգտագործել ախտահանիչներ: Ծնողներին էլ հորդորեց, որպեսզի իրենց երեխաներին թույլ չտան լողանալ ջրամբարներում:

Placeholder
Էնտերովիրուսային վարակներով հիվանդացության դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է