Ուկրաինական ճգնաժամը ստիպում է ԵՄ-ին և Ռուսաստանին դիվերսիֆիկացնել էներգետիկ հոսքերը
Քաղաքական
10:00 02/08/2014

Ուկրաինական ճգնաժամը ստիպում է ԵՄ-ին և Ռուսաստանին դիվերսիֆիկացնել էներգետիկ հոսքերը

ԵՄ-ի էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Էտինգերը հայտարարել է, որ մտահոգված չէ Ռուսաստանի կողմից էներգակիրների գների բարձրացման հայտարարություններից, քանի որ Ռուսաստանը հետաքրքրված է Եվրոպա գազի արտահանմամբ, ինչի շնորհիվ համալրվում է այդ երկրի բյուջեն:

Էտինգերը նշել է, որ ԵՄ-ը հատուկ ռազմավարություն է մշակել, որը թույլ կտա միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում նվազեցնել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը: ԵՄ-ը ունի էներգակիրների ներմուծման այլընտրանքային ուղիներ Նորվեգիայից և Ալժիրից, բայց այդ, իրենք հնարավորություն ունեն ներկրելու խտացված գազ: 

ԵՄ-ը դիվերսիֆիկացնելու է իր էներգետիկ հոսքերը

Մինչև 2030թ.-ը ԵՄ-ի էներգետիկ պահանջարկը կավելանա 27%-ով, իսկ ներքին արտադրանքը գնալով նվազում է: Այսօրվա դրությամբ եվրոպական երկրները իրենց էներգետիկ պահանջարկի կեսը լրացնում են ներմուծմամբ, դրա համար օրեկան վճարելով 1 միլիարդ:ԵՄ-ը ներկրում է ներքին շուկայում սպառվող նավթի 88%-ը և գազի 66%-ը: Բրյուսելին մտահոգում է հատկապես իր գազային կախվածության մեծացումը Ռուսաստանից:

Նախորդ տարի «Գազպրոմը» ԵՄ էր արտահանել 161.5 միլիարդ խմ գազ: Նորվեգիայում, որը հանդիսանում է եվրոպական շուկա գազ արտահանող կարևորագույն երկրներից մեկը, գազի արդյունահանումը նվազում է: ԵՄ-ի մի շարք երկրներ, հատկապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներն ու Մերձբալթյան երկրները ամբողջությամբ կախված են ռուսական գազից և մտահոգված են ուկրաինական ճգնաժամով, ինչը կարող է հարվածի տակ դնել ռուսական գազի արտահանումը այդ երկրներին:

Բրյուսելի համար էներգակիրների դիվերսիֆիկացիայի հարցը շատ արդիական է: Նախորդ տարի ԵՄ-ի գազի ներկրման 39%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, 33%-ը՝ Նորվեգիային և 22%-ը՝ Հյուսիսային Աֆրիկային: ԵՄ-ը ակտիվորեն առաջ է տանում նաև կասպյան տարածաշրջանից գազի ներկրման ռազմավարությունը, առաջին հերթին Ադրբեջանից, Ղազախստանից և Թուրքմենստանից: 

Ադրբեջանը վերածվում է հակառուսական էներգետիկ նախագծերի հիմնական դերակատարի

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այս տարվա հունվարին Ադրբեջանում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ԵՄ-ը արագացնելու է Հարավային գազային միջանցքի ստեղծումը, ինչը թույլ կտա խորացնել տնտեսական կապերը ԵՄ-ի և Ադրբեջանի միջև:

Բարոզուն նշել է, որ Հարավային գազային միջանցքը կարևորագույն նշանակություն ունի եվրոպական էներգետիկ հոսքերի դիվերսիֆիկացիայի առումով և եվրոպական էներգետիկ անվտանգության բաղկացուցիչ մասն է:

Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Ադրբեջանի նախագահը այցելել են Սանգաչալայի տերմինալ, որտեղից պետք է իրականացվի ադրբեջանական գազի առաքումները դեպի ԵՄ:

ԵՄ-ը նախատեսում է իրականացնել Հարավային գազային միջանցք ծրագիրը, որը ենթադրում է կասպյան և կենտրոնական ասիական գազի և նավթի արտահանումը դեպի ԵՄ` Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ:

Պատահական չէ, որ ԵՄ-ի էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերը հայտարարել է, որ ԵՄ-ը ցանկանում է միավորել Կասպյան տարածաշրջանի գազային համակարգը` եվրոպական գազային շուկային: ԵՄ-ը ակնկալում է Հարավային գազային միջանցքի շնորհիվ ադրբեջանական Շահդենիզ հանքավայրից մինչև 2019թ.-ը ստանալ լրացուցիչ 10 միլիարդ խմ գազ: 

Հարավային գազային միջանցքի ստեղծումը մնում է Բաքվի քաղաքականության անկյունաքարային հարցերից մեկը: Ադրբեջանի ղեկավարությունը բազմաթիվ անգամ իր աջակցությունն է հայտնել այդ նախագծի կյանքի կոչմանը: Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևը հայտարարել է, որ Շահդենիզ-2 և Հարավային գազային միջանցքի կյանքի կոչումը Ադրբեջանի առաջնահերթություններն են մոտակա 5 տարվա համար:

Նախարարը նշել է, որ հետագայում Թուրքմենստանը և Ղազախստանը կարող են օգտագործել ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքները իրենց նավթն ու գազը արտահանելու համար: Թուրքմենստանի պարագայում խոսքը գնում է Տրանսկասպյան գազամուղի մասին:

Կասպից ծովի հատակով անցնող 300 կմ երկարությամբ Տրանսկասպյան գազամուղի իրականացմամբ հետաքրքրված է նաև ԱՄՆ-ը, որի դեսպանը Ադրբեջանում` Ռիչարդ Մորնինգստարը նշել էր, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Տրասնկասպյան գազամուղի իրականացմամբ և ամեն ինչ կանի, որ այն կյանքի կոչվի: 

Մոսկվայի համար «Հարավային հոսքը»՝ ԵՄ-ի վրա ազդեցության լծակ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան շարունակելու է առաջ մղել «Հարավային հոսք» նախագիծը՝ անկախ առկա դժվարություններից:

Պուտինը նշել է, որ իրենք եվրոպական գործընկերների հետ Բալթիկ ծովի հատակով կառուցել են «Հյուսիսային հոսք» նախագիծը և այժմ էլ պատրաստվում են կյանքի կոչել Սև ծովի հատակով անցնող «Հարավային հոսք» նախագիծը:

Ռուսաստանի շինարարության նախարարությունը «South Stream Transport B.V» ընկերությանը «Հարավային հոսքի» ծովային հատվածի շինարարության թույլտվություն է տրամադրել:

«Հարավային հոսք» («South stream») գազամուղը բաղկաղացած կլինի 931 կմ երկարությամբ 4 գազատարներից, որոնք կանցնեն Սև ծովի հատակով:

Ռուսաստանի տարածքային ջրերում առաջին գազատարի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2014թ.-ի նոյեմբերը:

«South Stream Transport B.V» ընկերության բաժնետոմսերը պատկանում են ռուսական «Գազպրոմին»(50%), իտալական ENI-ին(20%), գերմանական Wintershall և ֆրանսիական EDF-ին(15%): 

«Հարավային հոսքը» «Գազպրոմի» նախագիծն է, որ ենթադրում է Սև ծովի հատակով անցնող գազամուղի կառուցում մինչև Հարավային և Կենտրոնական Եվրոպա: Հարավային հոսքը պետք է տարեկան 63 միլիարդ խմ գազ մատակարարի ԵՄ-ին: Պետք է նշել, որ Մոսկվան ձեռնարկել է այս նախագիծը տարանցման հետ կապված խնդիրներ չունենալու համար:

«Գազպրոմ» ընկերության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ «Հարավային հոսքի» կառուցումից հետո Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի կարիքը՝Եվրոպա գազ արտահանելու համար չի զգացվի:

Այս պահի դրությամբ ուկրաինական խողովակներով Եվրոպա է արտահանվում ռուսական գազի 50%-ը՝ 86 միլիարդ խմ: 

Մոսկվան նաև քայլեր է ձեռնարկում ԵՄ-ից բացի այլ շուկաներ գտնելու համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Պեկին կատարած այցի շրջանակներում չինական կողմի հետ 30 տարվա ժամկետով ռուսական գազի մատակարարման պայմանագիր է ստորագրվել: Պայմանագրի արժեքը գնահատվում է 400 միլիարդ դոլար: Կողմերը պայմանավորվել են խորացնել երկկողմ հարաբերությունները տնտեսական, էներգետիկ, ռազմա-տեխնիկական, հումանիտար, տրանսպորտային և այլն ոլորտներում: Չինաստանը և ՌԴ-ը ձգտելու են երկկողմ ապրանքաշրջառությունը մինչև 2015թ.-ը հասցնել 100 միլիարդ դոլարի, իսկ 2020թ.-ին՝ 200 միլիարդ դոլարի: 

Այսպիսով, ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների և ռուսական գազից ձերբազատվելու փորձելը բախվելու են Մոսկվայի հակազդեցությանը: Դա արտահայտվելու է Չինաստան և այլ շուկաներ ռուսական գազը արտահանելու և հենց ռուսական արտահանման հոսքերը դիվերսիֆիկացնելու տեսքով:

Արտյոմ Բալասանով

Placeholder
Ուկրաինական ճգնաժամը ստիպում է ԵՄ-ին և Ռուսաստանին դիվերսիֆիկացնել էներգետիկ հոսքերը