Վ.Կազիմիրովը բարի նախանձով է նայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս համանախագահների միասնականությանը
Քաղաքական
20:30 05/08/2014

Վ.Կազիմիրովը բարի նախանձով է նայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս համանախագահների միասնականությանը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը պետք է վերադարձնի զորքերը զորանոցներ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված հակամարտության սրացումը և արդյոք այն կարող է անդառնալի հետևանքների բերել, Կազիմիրովն արձագանքել է, թե այս հակամարտությունում միջադեպերը արդեն սովորական բան են դարձել:

Կազիմիրովի խոսքով,  ռազմական գործողություններում պարտություն կրելով 20 տարի առաջ` Ադրբեջանի ղեկավարությունն այսօր` փոխանակ փոխզիջումներ փնտրի, բավականին ջանքեր է գործադրում  առկա ստատուս-քվոյի ամրապնդման համար. «Այս շարունակական միջադեպերի սկզբնաղբյուրը հենց դրանով է պայմանավորված»:

Պատասխանելով հարցին, թե որքանով համանախագահ-երկրների միջև հարաբերությունների սրացումը կարող է ազդել հակամարտության խաղաղ կարգավորման վրա, Կազիմիրովն ասել է, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թեպահպանվում է միասնական մոտեցումը, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել:

«Ես նույնիսկ բարի նախանձով նախանձում եմ նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս համանախագահները բավականին միասնական են գործում, ինչը իմ ժամանակներում այդպես չէր»,- նշել է նախկին համանախագահը:

Ինչ վերաբերում է օգոստոսի 8-9-ին Սոչիում կայանալիք նախագահների հանդիպմանը և այն հարցին, թե արդյոք դրանից հետո հնարավոր կլինի զորքերը վերադարձնել զորանոցներ, Վ.Կազիմիրովը նշել է. «Այդպես պետք է լինի: Ես կարծում եմ, որ հենց դրանում է այս հանդիպման իմաստը: Ներկայիս իրավիճակում այդ խնդիրը ամենագլխավորն է»:

Placeholder
Վ.Կազիմիրովը բարի նախանձով է նայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս համանախագահների միասնականությանը