Միջազգային փորձագետները Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հալածանքների մասին
Քաղաքական
19:26 08/08/2014

Միջազգային փորձագետները Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հալածանքների մասին

Ադրբեջանի կառավարությունը վերջերս ուժեղացրել է իր ճնշումները քաղաքացիական հասարակության վրա` հալածելով մարդու իրավունքների հայտնի պաշտպաններին (ինչպիսին են Լեյլա և Արիֆ Յունուսները, Ռասուլ Ջաֆարովը և ուրիշներ), ինչը խստորեն դատապարտվել է միջազգային հանրության կողմից: Այս թեմայով panorama.am-ը զրուցել է Amnesty International-ի Ադրբեջանի գծով փորձագետ Նատալիա Նոզաձեի, բրիտանական Հաշտեցման ռեսուրսներ կազմակերպության Կովկասի գծով փորձագետ Լորենս Բրոերսի և ռուս կովկասագետ Անդրեյ Եպիֆանցևի հետ:

Ըստ Amnesty International-ի փորձագետ Նատալիա Նոզաձեի` Ադրբեջանում պետության կողմից քաղաքացիական հասարակության հետապնդումները նորություն չեն, իսկ վերջին ժամանակներս իրավիճակի սրումը ըստ նրա կարելի է բացատրել մի քանի

հանգամանքներով. «Նախ, միջազգային հանրությունը մինչ այժմ Ադրբեջանին պատասխանատվության չի կանչել մարդու իրավունքների ոլորտում ունեցած իր խախտումների համար; Երկրորդ` ձերբակալված և հալածված անձանց համար Ադրբեջանից ոչ ոք հաշվետվություն չի պահանջում և վերջապես Ադրբեջանը ռեսուրսներով հարուստ երկիր է, ինչը ստվերում է մարդու իրավունքներին վերաբերող հարցերը և ստորադասում դրանց կարևորությունը տնտեսական շահերին»:

Ըստ փորձագետի` այն փաստը, որ Ադրբեջանում անցկացվում են մեծ մաշտաբի միջազգային միջոցառումներ, ինչպիսին են Եվրատեսիլը և 2016-ին անցկացվելիք Եվրոպական խաղերը, վկայում է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների հանդեպ միջազգային հանրության անտարբերության մասին:

Այս անտարբերությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հադեպ հալածանքները ստիպել են շատ ադրբեջանցի ակտիվիստների և լրագրողների հեռանալ Ադրբեջանից: Սա իր հերթին բացասաբար է անդրադառնում քաղաքացիական հասարակությունների մակարդակով հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացի վրա, քանի որ այդպիսով փակվում են երկխոսության համար վերջին հարթակները:

Անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում է՛լ ավելի վատթարացող իրավիճակին՝ ռուս փորձագետ Անդրեյ Եպիֆանցևը նշեց, որ իշխանությունների այս վարքագիծն արտացոլում է Ադրբեջանի անհանգստությունը. «Ադրբեջանն անհանգստանում է, նա տեսնում է, որ արևմուտքը չի կարող օգնել իրեն Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու հարցում և միևնույն ժամանակ պահանջում է Ադրբեջանից պահպանել մարդու իրավունքների և ժողովրդավարության արևմտյան չափանիշները, ինչը միշտ եղել է Ադրբեջանի թույլ կողմը»:

Այս պարագայում Ալիևը փորձում է լռեցնել ընդդիմախոսներին, որպեսզի ավելի հեշտ լինի մոբիլիզացնել հասարակությունը հանրավոր պատերազմի դեպքում: Միևնույն ժամանակ սակայն Եպիֆանցևը նշեց, որ Ադրբեջանը չպետք է ռիսկի դիմի պատերազմ սկսելով, քանի որ դա կարող է մեծ վնասներ պատճառել հենց Ադրբեջանին և է՛լ ավելի ուժեղացնել Հայաստանի դիրքերը:

Հաշտեցման ռեսուրսներ բրիտանական կազմակերպության աշխատակից Լորենս Բրոերսը, մեկնաբանելով Ադրբեջանում վերջերս մարդու իրավունքների պաշտպանների ձերբակալություններն, ասաց, որ հակամարտության կողմերի մեջ շփումները այսուհետ քրեականացվել են և օգտագործվում են ակտիվիստներին լռեցնելու համար. «Այս երևույթն ընդգրկում է խնդիրների ավելի լայն շրջանակ, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Սա նաև հանգեցնում է այն բանին, որ հակամարտության մասին միակ լսելի ձայնը դառնում է պետության ձայնը և իր մատուցած տարբերակին այլընտրանք չի մնում»:

Բրոերսը նաև նշեց, որ Սաֆարովի դեպքից հետո հայ-ադրբեջանական հաշտեցման ծրագրերը մեծ ետընթաց են ունեցել:

«Այդ գործընթացն այժմ գտնվում է շատ դժվարին վիճակի մեջ, քանի որ կողմերից յուրաքանչյուրն առաջնորդվում է «ամեն ինչ կամ ոչինչ» կարգախոսով, իսկ մյուս կողմից միջազգային իրադարձությունների ներկայիս իրադարձությունների ֆոնին շատ դժվար է ուշադրությունը կենտրոնացնել Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա:

Այս ամենի հետ մեկտեղ Հաշտեցման ռեսուրսներ կազմապերպությունը իրականացնում է մի շարք ծրագրեր հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների, ՀԿ-ների և լրագրողների հետ համատեղ,- եզրափակեց նա: 

Placeholder
Միջազգային փորձագետները Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հալածանքների մասին