Հայրենիքի պաշտպանությունը բոլորի խնդիրն է. «Արաբո»-ի հրամանատար
Քաղաքական
12:20 12/08/2014

Հայրենիքի պաշտպանությունը բոլորի խնդիրն է. «Արաբո»-ի հրամանատար

«Եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված անդորրը ժամանակավոր է, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունը շատ փխրուն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը` նշելով, որ այս հանդիպման ընթացքում ամենքը մնացին իրեն կարծիքին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր, Ալիևն էլ` իր:

«Այս պատերազմը Ադրբեջանի ժողովրդի պատերազմը չէ, սա  Ալիևի ու իր բանդայի պատերազմն է: Ալիևի իշխանությունը ուղղակի ցանկանում է ցույց տալ, որ դրության տերն է ու այդ ճանապարհով պահել իր իշխանությունը»,- նշեց ասուլիսի հյուրը:

Մ.Եղիազարյանի կարծիքով, այսօր շատ կարևոր է երկրի ներսում առկա խնդիրները վերացնել, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակը բարելավել:

«Մենք ենք մեղավոր, որ Ադրբեջանը այսքան լկտիացել է: Հայտարարությունը, թե մենք պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք գազազած թշնամու հետ, ուշացումով արվեց, թեև, իհարկե, պետք էր զգոնության կոչ անել»,- նկատեց բանախոսը:

«Արաբո» ջոկատի հրամանատարը մատնանշեց, որ երբ  ադբեջանցիները սպանում են մեր գյուղացուն կամ դիվերսիոն խմբեր ուղարկում, դրանով «փորձում են հասկանալ մեր արձագանքը և հենց այստեղ է կարևոր, որ միահամուռ լինենք: Առավել ևս, որ Ադրբեջանը շարունակում է մնալ քնած մարդուն կացնահարող կամ մոլորված մարդուն սպանող երկիր»:

«Մենք համախմբվելու ավելի շատ ներուժ ունենք, իրար նկատմամբ ու նաև բոլորս հայրենիքի հանդեպ պարտք ունենք: Հայրենիքի պաշտպանությունը բոլորի խնդիրն է»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է ազատամարտիկների սահման գնալուն, ապա բանախոսն այն կարծիքին է, որ խուճապային տրամադրություններ ստեղծելու իմաստ չկա` բանակը, երբ նեղության մեջ է լինում, այդ ժամանակ է, որ կամավորների կարիք է զգացվում:

«Ազատամարտիկն անհրաժեշտ է, երբ վերջակետ դնելու կարիք լինի»,- շեշտեց Մ.Եղիազարյանը:

Placeholder
Հայրենիքի պաշտպանությունը բոլորի խնդիրն է. «Արաբո»-ի հրամանատար