Հայ ռեժիսորի  ֆիլմը ռուսական կինոյի փառատոնում ճանաչվել է լավագույնը
Մշակույթ
19:00 15/08/2014

Հայ ռեժիսորի ֆիլմը ռուսական կինոյի փառատոնում ճանաչվել է լավագույնը

Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 22-րդ փառատոնի «Խաղարկային ֆիլմ. համատեղ արտադրություն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Հրաչ Քեշիշյանի «Շնորհակալություն հայրիկ» կինոնկարը, որի պրոդյուսերը Միքայել Պողոսյանն է: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից:

Լիրիկական կոմեդիայի ժանրում նկարահանված ֆիլմի պրեմիերան կայացել էր մայիսի վերջին Երևանում: Գլխավոր դերակատարուհին Նյու Յորքից Քրիստա Մարիա Դոնարգոն է, գլխավոր դերերում են Միքայել Պողոսյանը, Վիգեն Ստեփանյանը, Լևոն Հարությունյանն ու այլք:

Kommersant.ru կայքը գրում է, որ առաջին անգամ է փառատոնի ծրագրում առանձին ընդգրկվել հայրենական և օտարազգի ռեժիսորների համատեղ արտադրության ֆիլմ անվանակարգը: Ռուս կինեմատոգրաֆիստները համատեղ ֆիլմեր են ստեղծել Հայաստանի, Ուզբեկստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի իրենց գործընկերների հետ:

Կինոփառատոնի փակման արարողությունը կայացել է նախօրեին: Մրցութային «Խաղարկային կինո. Աշնանային պրեմիերա»  անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացել է Ա. Գոնչուկովի «Որդի» ֆիլմը:

Placeholder
Հայ ռեժիսորի ֆիլմը ռուսական կինոյի փառատոնում ճանաչվել է լավագույնը