Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գ. Սուրենյան. Սեպտեմբերին օդի ջերմաստիճանն ու տեղումների քանակը սպասվում են նորմայի սահմաններում
Առաջիկա օրերին Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը նվազելու է. տաք օդային հոսանքներն արդեն այսօրվանից փոխում են իրենց ուղղությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ եղանակի սեպտեմբեր ամսվա կանխատեսումները ներկայացրեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:
Նա նշեց, որ արևադարձային օդային հոսանքներն իրենց տեղը զիջում են հյուսիս-արևմուտքից տեղափոխվող արկտիկական ցուրտ օդային հոսանքներին: Օդի ջերմաստիճանն այսօրվանից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ կնվազի 4-5 աստիճանով, այսինքն օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին օդի ջերմաստիճանը չի գերազանցի 34-35 աստիճանը: Ջերմաստիճանի լուրջ անկում է սպասվում Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում. օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 8-10 աստիճանով: Միաժամանակ Հանրապետության հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին կդիտվի կարճատև անձրևներ, քամու ուժգնացում, Արարատյան դաշտի առանձին հատվածներում երեկոյան ժամերին նույնպես չի բացառում կարճատև անձրևների հավանականությունը:
Գ. Սուրենյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 2-ից օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա, բայց 36 աստիճանը չի գերազանցի, իսկ սեպտեմբերի 5-ից կրկին կնվազի:
Նա հայտնեց, որ սեպտեմբերին օդի ջերմաստիճանն ու տեղումների քանակը սպասվում են նորմայի սահմաններում՝ համահունչ հայաստանյան բազմամյա կլիմայական պայմաններին:
Լեռնային շրջաններում, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Վայոց ձորի լեռներում սեպտեմբերի առաջին տասնօրյակում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22-26 աստիճան, իսկ երկրորդ և երրորդ տասնօրյակներում չի բացառվում, որ գիշերային ժամերին օդի ջեմաստիճանը նվազի մինչև 2-5 աստիճան: Արարատյան դաշտում, Սյունիքի և Տավուշի հովիտներում, Երևանում սեպտեմբերի առաջին տասնօրյակում կգրանցվի մինչև 34-36 աստիճան տաքություն, իսկ երկրորդ և երրորդ տասնօրյակներում երկոյան ժամերին՝ 10-12 աստիճան: Լոռիում և Սյունիքի նախալեռներում սեպտեմբերի առաջին տասնօրյակում կգրանցվի 22-25 աստիճան, երկրորդ և երրորդ տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև 2-4 աստիճանի:
Սևանա լճի ջերմաստիճանն 22 աստիճան է, որը սեպտեմբերի երկրորդ տասնօրյակից կսկսի նվազել: Գ. Սուրենյանն ասաց, որ Սևանա լճի առավելագույն ջերմաստիճանը 22-23 աստիճան է: