ԵՏՄ-ն ընդամենը տնտեսական կառույց է և հետապնդում է տնտեսական շահեր. Գագիկ Մինասյան
Քաղաքական
13:02 02/09/2014

ԵՏՄ-ն ընդամենը տնտեսական կառույց է և հետապնդում է տնտեսական շահեր. Գագիկ Մինասյան

«Ակնկալվում է, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում անդամ պետությունների ղեկավարների կողմից հրավիրված գագաթաժողովին կկայացվի որոշում` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ, որից հետո սկսվեն ներպետական ընթացակարգերը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից հետո Հայաստանի առավելություններին, Գ.Մինասյանը նշեց, որ առաջին կարևորագույն քայլը, որը լինելու է անդամակցելուց հետո, ելքի -մուտքի տուրքերից ազատումն է: Հաջորդ առավելությունը՝ սանիտարական նորմերն են և Հայաստանի համար բացվող 150 և ավելի միլիոնանոց մեծ շուկան, ինչպես նաև ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի մուծման հետաձգումը:

Բացի այդ, պատգամավորը գտնում է, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները փոխում են մեր պատկերացումները ռուսական շուկայի վերաբերյալ, որ կար մեկ տարի առաջ:

«Այս պարագայում մեզ համար առաջանում են նոր հնարավորություններ՝ մեր ապրանքատեսակներն արտահանելու և իրացնելու վերաբերյալ»,- ասաց Գ.Մինասյանը:

Իսկ թե որքանո՞վ կկարողանան հայ տնտեսվարողները օգտագործել այդ հնարավորությունները, ըստ նրա, կախված է նրանց ճկունությունից:

Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, ըստ որի` Ղազախստանը հնարավոր է դուրս գա ԵՏՄ-ից՝ հաշվի առնելով մի շարք պատճառներ, Գ.Մինասյանը նշեց, որ այդ հայտարարությունը չափազանց կարևոր է՝ հասկանալու համար, որ կառույցը ընդամենը տնտեսական է և հետապնդում է տնտեսական շահեր:

«Եթե անդրադառնանք ԵՏՄ անդամ երեք պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի պահվածքին` ուկրաինական ճգնաժամի պարագայում, ապա կարձանագրենք, որ այդ պետություններն ունեն իրար հետ չհամընկնող մոտեցումներ»,-ասաց նա:

Հարցին, եթե ԵՏՄ-ն միայն տնտեսական կառույց է, ապա Ղարաբաղի հարցի շահարկումը, Ն.Նազարբաևի կողմից Աստանայում Ալիևի նամակի ընթերցումը արդյոք քաղաքակա՞ն քայլեր չէին, Գ.Մինասյանը հայտարարեց . «Ոչ, Նազարբաևի խոսքը տնտեսական էր»:

Գ. Մինասյանի խոսքերով՝ ամեն ինչ չափազանց հստակ է. «ՀՀ-ն և ԼՂՀ-ն երկու տարբեր պետություններ են՝ ճանաչված և չճանաչված, երկու պետությունների միջև կան չափազանց սերտ տնտեսական, քաղաքական, մշակութային, ռազմական և այլ բազմաբնույթ հարաբերություններ, և երբ Հայաստանը կդառնա ՄՄ անդամ, հարաբերությունները ԼՂ-ի հետ բացարձակապես չեն տուժի դրանից, Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված որևէ փոփոխություն չի լինի, սահմանին էլ մաքսակետ չի տեղադրվի»:

Պատգամավորն անդրադառնալով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցի չեղյալ համարելու պատճառին` մասնավորապես այն հարցին, թե արդյոք դա չի նշանակում, որ ՀՀ-ն այժմ Ռուսաստանի համար առաջնահերթություն չէ, նշեց. «Ճիշտ հակառակն է, քանի որ խնդիրները, որոնք պատրաստվում էին լուծվել վարչապետների հանդիպման ժամանակ, բարձրացվել են ավելի բարձր մակարդակի և դրանք պետք է քննարկվեն ու լուծում ստանան հոկտեմբերի 10-ին»:

Placeholder
ԵՏՄ-ն ընդամենը տնտեսական կառույց է և հետապնդում է տնտեսական շահեր. Գագիկ Մինասյան