Սահմանամերձ Լուսառատի դպրոցն ամբողջությամբ բարեկարգվել է
Կրթություն, գիտություն
13:06 05/09/2014

Սահմանամերձ Լուսառատի դպրոցն ամբողջությամբ բարեկարգվել է

Սահմանամերձ Լուսառատ համայնքի 300 դպրոցականները նոր ուսումնական տարում կրթություն են ստանում բարեկարգ և ժամանակակից պայմաններում: Հայկական Կարմիր խաչի ընկերությունից հայտնում են, որ դպրոցի շենքի երկրորդ հարկն է վերանորոգվել, իսկ ներքին հարդարման և կահավորման աշխատանքներն իրականացվել են Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհի միջոցով՝ ՀԿԽԸ նախաձեռնությամբ:

Սահմանամերձ, հիմնականում փախստականներով բնակեցված Լուսառատ համայնքի դպրոցը անմխիթար վիճակում էր: Հայկական Կարմիր խաչի ընկերության նախաձեռնությամբ ավելի վաղ վերանորոգվել է դպրոցի առաջին հարկը:

Նախօրեին բացման արարողությունը ՀԿԽԸ  նախագահ Մխիթար Մնացականյանն ասել է, որ որակյալ կրթությունը այն կարևոր նախապայմանն է, որ անհրաժեշտ է ապագա գիտակից քաղաքացիներ ունենալու համար:

«Կարևորելով դա, մեր ճապոնացի գործընկերների աջակցության շնորհիվ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ջանքեր չխնայեց` մեր երեխաների ուսման համար բարեկարգ պայմաններ ստեղծելու համար: Մնում է, որ դուք էլ նույն պատասխատավությամբ մոտենաք ձեր ուսմանը»,- նշել է նա:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Կեիսուկե Յամագիշին բարձր է գնահատել կատարված աշխատանքը. «Ճապոնիայի կառավարությունը շարունակում է իրականացնել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, ինչն ավելի կամրապնդի Հայաստանի և Ճապոնիայի բարեկամությունը»:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն էլ շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և ասել. «Կրթական օջախները հայ ազգի համար ունեն ռազմավարական նշանակություն, նրանք մեր պետականության հենասյուններն են: Որքան կիրթ սերունդ` այնքան ամուր պետականություն»:

Placeholder
Սահմանամերձ Լուսառատի դպրոցն ամբողջությամբ բարեկարգվել է