Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե Դաշնակցության մեր գործընկերները նման նպատակահարմարություն են տեսնում, ապա դա նրանց որոշելիքն է. Ա. Մարտիրոսյան
«Աշնանից սպասումներս տեղավորվում են մեկ նախադասության մեջ` արմատական իշխանափոխություն, որովհետև միայն այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք աշխատանք տանել այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք այսօր կան և որոնք բավականին շատ են և հենց մեր ազգային անվտանգությանն առնչվող խնդիրներ են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինս հատկապես մատնանշեց օգոստոսյան իրադարձությունները, որոնք ցույց տվեցին, որ Հայաստանը շատ կարևորագույն խնդիրներ ունի անվտանգության առումով, իսկ անվտանգությունը ոչ միայն քաջարի զինվորներ ունենալն է, ինչը մենք տեսանք, այլ նաև շատ այլ կոմպոնենտներ` բանակի մարտունակությունն ապահովելու հետ կապված և այլն:
«Այն ամենը, ինչ առնչվում է անվտանգության այդ բաղադրիչների հետ, դրա ուղղությամբ մենք մեծ խնդիրներ ունենք, իսկ դրանք հնարավոր է լուծել միայն արմատական իշխանափոխությամբ, որովհետև այսօր հասարակությունում չկա որևէ շերտ, որ կհավատա ներկայիս իշխանություններին: Իսկ իշխանությունների գործունեությունն էլ այնպիսին է, որ որևէ հույս չի թողնում, որ կարող են փոքր-ինչ պետականամետ կամ հասարակությանը միտված գործունեություն ծավալել»,- նշեց նախկին պատգամավորը և հավելեց, որ եթե իշխանափոխության ուղղությամբ աշխատանք չտարվի, ապա մենք ավելի մեծ խնդիրների առջև ենք կանգնելու մոտ ժամանակներս:
Գալով քառյակի գործունեությանը և դրանում նկատվող ճաքերին, մասնավորապես նրան, որ ՀՅԴ-ն նախօրեին նկատելի պասիվ վարքագիծ դրսևորեց, ինչն ավելի ամրապնդեց այն խոսակցությունները, իբրև թե ՀՅԴ-ն հնարավոր է կոալիցիայի մաս կազմի, Ա. Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք` նման քննարկում եղե՞լ է, նա տեսնո՞ւմ է փոփոխություն Դաշնակցության գործընկերների մոտ. «Այս պահին որևէ խնդիր չեմ տեսնում: ՀՅԴ-ն հենց ինքը ի սկզբանե խորհրդարանական չորս ուժերի ֆորմատում պայմանավորվել է, որ բոլոր այն հարցերի շուրջ, որտեղ կա միասնական մոտեցում իրենք միասնական կլինեն, իսկ մնացած բոլոր հարցերում, եթե կա տարբերություն, այդ քաղաքական ուժն իրավասու է օրակարգն ըստ իր նպատակահարմարության առաջ տանել: Եթե Դաշնակցության մեր գործընկերները նման նպատակահարմարություն են տեսնում, օրինակ, Սահմանադրական փոփոխությունների հարցում, ապա դա նրանց որոշելիքն է»:
Սակայն հույս հայտնեց, որ խորհրդարանական չորս ուժերը կշարունակեն իրենց համագործակցությունը և հասարակության մոտ այն սպասումները, որոնք կան ընդդիմադիր այս ուժերի համագործակցությունից ի վերջո կյանքի կկոչվեն. ««Ժառանգությունն» անելու է ամենը, ինչ իրենից կախված է, որպեսզի այն սպասումները, որ կան հասարակության մոտ կյանքի կոչվեն»:
Ինչ վերաբերում է սեպտեմբերի 16-ին «Ժառանգության» կողմից նախաձեռնած Սահմանադրության բարեփոխումներին նվիրված խորհրդաժողովին և այն հարցին արդյո՞ք տեսակետային ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել կուսակցությունում, ապա Ա. Մարտիրոսյանը նշեց, որ բովանդակային քննարկելու առանձնապես խնդիր չկա, ընդամենը այն ուժերը, որոնք դեմ են Սահմանադրական փոփոխություններին կարող են իրենց մոտեցումներն այդտեղ հայտնել, այդ թվում և իշխանությունները փորձեն հիմնավորել իրենց մոտեցումները, թե ինչու են այդ փոփոխություններն անհրաժեշտ:
«Համենայնդեպս, «Ժառանգության» տեսակետի փոփոխություն չկա, սա ընդամենը հնարավորություն է ևս մեկ անգամ կլոր սեղանի շուրջ ներկայացնել մոտեցումները»,- նշեց Ա.Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակում`
Քառյակի առաջին նիստն ու առաջին ինտրիգը