Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ճանապարհային ոստիկանությունը վարորդների կյանքն իսկական դժոխքի է վերածել: Նման եզրակացության եկանք՝ լսելով խմբագրություն ահազանգած մի քանի վարորդների պատմությունները: Մեծ չափի տուգանքների ենթարկված վարորդներն անձամբ են լծվում իրենց իրավունքերի պաշտպանության գործին, օրեր ու նույնիսկ ամիսներ են պահանջվում նրանցից ապացուցելու, որ իրենք անմեղ են: Հետո էլ անմեղության կանխավարկածից ենք խոսում: Անմեղությունն ապացուցելուց հետո էլ ոչ մի ներողություն, ոչ մի փոխհատուցում, պետք է ուրախ լինես, որ տուգանքդ «ջրվել» է:
Երևանի բնակիչ Կարեն Մինասյանն արդեն մի քանի ամիս է՝ չի կարողանում օգտվել իր մի քանի բանկային հաշիվներից: Չորս ամիս առաջ պարզել է, որ բանկային բոլոր չորս հաշիվների վրա ԴԱՀԿ-ն կալանք է դրել: Պարզել է, որ նախորդ տարվա հունիսի 17-ին երթևեկության կանոնների խախտման համար տուգանվել է 5 հազար դրամով, սակայն այդ մասին ծանուցում չի ստացել: Գումարը հնգապատկվել է, ԴԱՀԿ-ն էլ իր ծառայությունը հինգ հազար դրամ է գնահատել: 30 հազար դրամի համար հայաստանյան բանկերից երեքում ունեցած հաշիվներն ամբողջությամբ սառեցված են, միայն «Ամերիա» բանկն է, որ կալանքը կիրառել է մասամբ:
Կ. Մինասյանը, տեղեկանալով կալանքի մասին, գնում է ՃՈ, խնդրում է իրեն պատասխանել, արդյոք տուգանքի մասին իրեն ծանուցում ուղարկվե՞լ է:
«Շաբաթը երկու անգամ գնում էի գայի: Ասում են՝ մոտեցեք տեսուչ Իգոր Ղազարյանին: Մոտենում եմ: Կոնտակտներն է փոխանցում: Անընդհատ զանգում եմ, պատասխանը չկա ու չկա: Մինչ օրս ավելի քան 50 հազար դրամ ծախսել եմ բենզինի ու հեռախոսի լիցքավորման վրա, 30 հազար դրամը չվճարելն ինձ համար արդեն սկզբունքային հարց է դարձել»,- Panorama.am-ին ասում է Կ. Մինասյանը:
Մոտ երեք ամիս նրան ճանապարհային ոստիկանությունից այդպես էլ չեն պատասախանում: Արդարադատության նախարարությունից քաղաքացուն խորհուրդ են տալիս ծանուցման մասին տեղեկություն ստանալ «Հայփոստ» ընկերությունից: Դիմումը գրելուց հետո ընկերությունից Կ. Մինասյանը պատասխան է ստանում, որ նման ծանուցում իրենք չեն ստացել:
««Հայփոստն» ինձ տրամադրում է տեղեկանք, որ դուք չեք ծանուցվել: Ինձ խորհուրդ են տալիս դիմել դատարան, բայց որպեսզի երկար քաշքշուկի մեջ չընկնեմ, «Հայփոստ»-ի տրամադրած տեղեկանքը տանում են Ճանապարհային ոստիկանություն: Ցույց եմ տալիս, ասում եմ, որ անօրինականություն եք արել, Իգոր Ղազարյանը ժպտում է, կարծես ոչինչ չի եղել, ոչ մի ներողություն»,- պատմում է վարորդը:
ՃՈ-ում խոստանում են ծանուցումն ուղարկել ԴԱՀԿ-ին, բայց երբ կհասնի, աստված գիտի:
«Բանկային հաշիվներն ինձ շտապ պետք են: Այս պահին «Առէքսիմբանկ»-ի իմ հաշվեհամարին բավականին գումարի օվերդրաֆտ է նստած, ես չեմ կարողանում օգտվել: Ես գործունյա մարդ եմ, դա ներդրում կատարելու, գործի մեջ դնելու համար եմ վերցրել: Որոշում եմ ինքս ԴԱՀԿ տանել գրությունը: Փոսի գայիում ԴԱՀԿ տանելու համար գրություն են անում մի թղթի վրա, վրան ոչ ստորոգրություն կար, ոչ էլ՝ կնիք: Հարցնում եմ, այսպես ո՞նց կլինի, պատասխանում են՝ կլինի»,-ներկայացնում է նա:
Երեկ՝ երկուշաբթի օրը, ժամը 12:30-ին ԴԱՀԿ շենք հասած Կ. Մինասյանը 340-րդ քաղաքացին է լինում հերթում:
«Այդքանից երևի տասնհինգն էին, որ այլ գործերով էին եկել, մյուս բոլորը անօրինական տուգանքների հետ կապված հարցով էին եկել: Մի քանի ժամ հերթում սպասելուց հետո մոտենում եմ հարկադիր կատարողին, ցույց տալիս ՃՈ-ի գրությունը: Ասում է, սա տալիս ես՝ ի՞նչ անեմ, վրան ոչ կնիք կա, ոչ ստորագրություն: Դա առոչինչ է: Զանգում եմ ՃՈ, ասում են, դե մենք էսքան ժամանակ այդպես ենք տվել: Հարկադիրն էլ ասում է, դե պետք է սպասենք իրենց ծանուցումը տեղ հասնի, ի՞նչ անենք»,-ներկայացնում է Կ. Մինասյանը` ավելացնելով, չգիտի, թե քանի օրում ծանուցումը ՃՈ-ից ԴԱՀԿ-ին կհասնի:
Մինասյանի կարծիքով, սա ոչ թե անփութության հետևանք է, այլ կանխամտածված բան է:
«Բոլորը չէ, որ հետևողական կլինեն: Ինձ համար այդ գումարը չվճարելը սկզբունքային հարց է դարձել: Մարդիկ դատարան չեն դիմում, ժամանակ չունեն՝ քաշքշուկի մեջ ընկնեն: Դուք պետք է տեսնեք այդ ինստանցիաների աշխատակիցների վերաբերմունքը, մոտեցումը, քաղաքացիներին կենդանիների նման են վերաբերվում: Հենց նման անարդարություններից ու վերաբերմունքից են մարդիկ փախնում: Ես այս ամենի միջով անցել եմ, որպեսզի նրանք իմ մասով վճարում չունենան: Եթե բոլորն այսպես վարվեն, կարծում եմ, նրանք կլրջանան ու կվերանայեն իրենց գործելաոճը, կմտածեն՝ միևնույն է, չեն վճարում»,-հույս է հայտնում Կ. Մինասյանը:
Մյուս վարորդների պատմությունները Panorama.am-ը կներկայացնի հաջորդիվ: