Ո՞վ է ֆինանսավորելու եռյակի հանրահավաքները
Քաղաքական
12:10 24/09/2014

Ո՞վ է ֆինանսավորելու եռյակի հանրահավաքները

Վաղը Աբովյանում կանցկացվի եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ առաջին հանրահավաքը` հոկտեմբերի 10-ին կայանալիք համապետական հանրահավաքին ընդառաջ:

Panorama.am-ը հետաքրքրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանից` ո՞ր ուժն է եռյակից, որ հոգալու է մարզային այցելությունների և հանրահավաքների հետ կապված ֆինանսական հոգսերը:

«Որպես կազմակերպչական հարցերի մեջ ներգրավված անձ տիրապետում եմ ողջ խոհանոցին և սիրով կբացահայտեմ այն ամենը ինչ տեղի է ունենում: Մենք գործընկերների հետ, առանձնացված աշխատանքային խմբերով հանդիպում ենք, բաշխում ենք բոլոր աշխատանքները և կարող եմ ասել, որ դրանց 99.9 տոկոսն առնվազն իրականացվում է մարդկային կազմակերպչական ռեսուրսի հաշվին: Եվ այս ամենը բաց է բոլորի համար և յուրաքանչյուր ոք կարող է տեսնել, թե ինչ է տեղի ունենում: Իրապես գործ ունենք համաժողովրդական, համազգային ալիքի հետ և անթիվ են մարդիկ, ովքեր պատրաստակամություն են հայտնում իրենց օժանդակությունը ցուցաբերելու»,-ասաց ԱԺ պատգամավորը:

«Մեկը պաստառ պատրաստելով, մյուսը դրոշ կարելով, երրորդը իր անձնական մեքենան տրամադրելով և այլն»,- նշեց նա:

Մեր ճշտող հարցին` հստակ հնարավոր չէ պնդել, որ կոնկրետ մի կուսակցություն է ֆինանսավորում, Տ.Ուրիխանյանը պաշտոնապես հայտարարեց, որ նույնիսկ դրա անհրաժեշտությունը չկար` լուրջ ֆինանսներ ներդնելու, քանի որ կուսակցությունների տարածքային կառույցները ամբողջությամբ իրականացնում են իրենց գործառույթները:

«Կրկնում եմ` այնպիսի արձագանք է առաջացել, որ մենք ինքներս նույնիսկ չէինք սպասում և այդ արձագանքը ոչ միայն կուսակցությունների անդամների ու համակիրների կողմից է, այլև շարքային քաղաքացիների, ինչի համար ես, նաև եռյակի բոլորի ուժերի անունից ուզում եմ շնորհակալությունս հայտնել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է հենց Աբովյանից մեկնարկում հանրահավաքների շարքը, արդյո՞ք դա ինչ-որ բան նշանակում է, օրինակ այն, որ հենց ԲՀԿ-ն է առաջնորդողը եռյակում, Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ որևէ բան փնտրել այդ որոշման տակ պետք չէ, նաև նշեց, որ հուժկու հանրահավաքները տեղի են ունենալու նշված բոլոր քաղաքներում և հենց դա է, որ կփակի բոլոր նման հարցադրումները:

Իսկ ահա հարցին` եռյակում մտավախություններ ունեն, որ իշխանությունները հնարավոր է խոչընդոտեն հանրահավաքների անցկացմանը, ճնշումներ գործադրեն քաղաքացիների վրա և այլն, Տ.Ուրիխանյանն ասաց, որ չի կարծում, թե այն, ինչ տեղի ունեցավ հանրության շրջանում հանրահավաքների մասին ծանուցումները հրապարակելուց հետո չի ստիպի ականջալուր լինել այն պահանջին, որը մարդիկ առաջ են քաշելու այդ օրերին:

«Առավել ևս չեմ կարծում, որ որևէ մեկը կփորձի դիմագրավել: Իսկ եթե նման բաներ լինեն, ապա ցանկացած ժողովրդական ալիքի կամ կամաարտահայտմանը խոչընդոտող յուրաքանչյուրի գոյության նպատակահարմարության վերաբերյալ անշուշտ հարց կառաջանա»,- հայտնեց ԲՀԿ-ական գործիչը:

Հիշեցնենք, վաղը մեկնարկելով Աբովյանում, հանրահավաքները մյուս օրերին տեղի կունենան նաև Հրազդանում, Սիսիանում, Կապանում, Արարատում, Իջևանում, Վանաձորում և Գյումրիում:

Հարակից հրապարակում`
Եռյակի առաջին հանրահավաքը կանցկացվի Աբովյանում

Placeholder
Ո՞վ է ֆինանսավորելու եռյակի հանրահավաքները