Եվրոպական ժառանգության օրեր. Ո՞ւր գնալ
Օրվա թեմա
10:09 27/09/2014

Եվրոպական ժառանգության օրեր. Ո՞ւր գնալ

Սեպտեմբերի 27-28-ին Հայաստանում անցկացվում է Եվրոպական ժառանգության օրերը՝ «Հետադարձ հայացք՝ 100 տարի անց» խորագրի ներքո: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում իրականացվելիք միջոցառումները, որոնք նվիրված են Առաջին աշխարհամարտի դեպքերին, վկայակոչված են ապահովելու մի հուզական ճամփորդություն՝ ճանաչելու մշակութային ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած մշակութային ժառանգության՝ պատմաճարտարապետական կոթողների և հոգևոր արժեքների անդառնալի կորուստը, վերապրելու պատմության անցած 100 տարիները և վերաարժևորելու հայ մարդու մոխիրներից վերստին հառնող ստեղծագործ ուժը:

Այս տարի ևս Հայաստանի բազմաթիվ պետական և մասնավոր թանգարաններ իրենց միջոցառումների հարուստ ընտրանին կներկայացնեն հանրությանը, դռները կբացեն նաև այն հուշարձան հաստատությունները, որոնք սովորաբար փակ են քաղաքացիների այցելությունների համար:

Մայրաքաղաքում անցկացվելու են հետևյալ միջոցառումները՝

Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկայացվելու է Առաջին աշխարհամարտի տարիներին Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Հայ ժողովրդի կրած վնասների հաշվառման համար Քննիչ հանձնաժողովի», ինչպես նաև Առաջին աշխարհամարտի տարիներին Թումանյանի ընտանիքի պատմությունը՝ արխիվային փաստաթղթերի, լուսանկարների և դասախոսությունների միջոցով (սեպտեմբերի 27):

Գաֆեսճեան արվեստի կենտրոնում բացվելու է Երվանդ Քոչարի 115-ամյակին նվիրված ցուցահանդես (սեպտեմբերի 27):

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում «Ուրարտուի մետաղը. գտածոները ցուցադրվում են առաջին անգամ» (սեպտեմբերի 27): 

Ե. Չարենցի տուն-թանգարանում բացվելու է «Պատերազմը և նրա կործանիչ հետևանքները» ցուցահանդեսը (սեպտեմբերի 27):

«Մեգերյան կարպետ» գորգերի գործարանում ցուցադրվելու են «Ցեղասպանության ժառանգները. որբ գորգեր» (սեպտեմբերի 27):

Փայտարվեստի թանգարանում բացվելու է «Փայտե սկուտեղներ» ցուցահանդեսը (սեպտեմբերի 27-28):

Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը ներկայացնելու է «Պատմության քառուղիներով» ցուցահանդեսը (սեպտեմբերի 27-28)

Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է «Տարագիր գերդաստաններ. փրկված մասունքներ» և «Մշակութային եղեռն. կորսված մասունքներ» ցուցահանդեսներ (սեպտեմբերի 27-28):

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կայանալու է «Երևանյան էտյուդներ» ցուցադրությունը (սեպտեմբերի 27-28):

Հայաստանի ազգային գրադարանում կայանալու է «Առաջին աշխարհամարտը և հայերը» գրքերի ցուցադրությունը, «Պատերազմը որպես մշակութային ժառանգության անդառնալի կորուստ» և «Գրավոր մշակույթը ազգային ինքնության պահպանման առհավատչյա» ցուցադրությունները (սեպտեմբերի 27-28):

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում գործելու է «Վերապրած ձեռագրեր» ցուցադրությունը (սեպտեմբերի 28):

Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում կայանալու է «100 տարի անց» համերգային ծրագիրը (սեպտեմբերի 27) «Եղեռնի և երկու համաշխարհային պատերազմների վկա կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյան» շարքից ֆիլմը (սեպտեմբերի 28):

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում բացվելու է «Բացիկներ Ավ. Իսահակյանի անձնական հավաքածուից» ցուցահանդեսը (սեպտեմբերի 28): 

«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում այցելուների համար իրենց դռները կբացեն մասսայական հաճախումների համար փակ Հայաստանի հետևյալ պատմամշակութային հուշարձանները` ՀՀ նախագահի նստավայր (Ճարտ.` Մ. Գրիգորյան, 1958 թ.), Կառավարության տուն (Ճարտ.` Ա. Թամանյան, Գ. Թամանյան, 1929 թ., 1941 թ., 1952 թ.), Երկաթուղային կայարանի շենք. Երևանի երկաթուղային կայարան (Ճարտ.՝ Է. Տիգրանյան, 1956 թ.), ՀՀ Ազգային ժողովի շենք. (Ճարտ.` Մ. Գրիգորյան, 1949-1950 թթ.), Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն (Ճարտ.` Ա. Թամանյան, 1940 թ.), Աստղադիտարանի գլխավոր մասնաշենք. (գ. Բյուրական , Ճարտ.` Ս. Սաֆարյան, 1950-1953 թթ.), Ազգային գրադարանի գլխավոր մասնաշենք (Ճարտ.՝ Ա. Թամանյան, 1928-1940 թթ.), Կապույտ մզկիթ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության: Նշենք, որ պատմամշակութային այս հուշարձանները մուտք գործելու համար պետք է նախապես գրանցվել:

Եվրոպական ժառագության օրերի շրջանակում անցկացվող բոլոր միջոցառումներին կարելի է ծանոթանալ՝  այստեղ:

Placeholder
Եվրոպական ժառանգության օրեր. Ո՞ւր գնալ