Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր»… Գևորգ Էմին
Գևորգ էմին... Նույն ինքը՝ Կառլեն Մուրադյան Գրիգորի: Բանաստեղծ, թարգմանիչ:
95 տարի առաջ Աշտարակում հենց այս օրն է ծնվել Գևորգ Էմինը:

«Գևորգ Էմին. Իմ մասին». «Ես ծնվել եմ 1919 թվին Հայաստանի Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում: Աշտարակը` մի մեծ գյուղ Հայաստանի սրտում, լի է խաղողի վազերով, հին տաճարներով և հուշարձաններով: Նա գոյություն ուներ թերևս Ուրարտու թագավորության ժամանակ, և իր անունը ստացել է Ուրարտուի Իշտար Աստծո անունից: Աշտարակցիները` ի ծնե այգեգործներ և խաղող աճեցնողներ, կարող են և բռնել, և վայելել չքնաղ գինի: Դա է նրանց բարձր տրամադրության, սրամտության, և իհարկե սիրահարվելու կնոջ, գինու, երգի կամ նույնիսկ բառի, պատճառը: Տարիների ընթացքում նրանք այնքան գինի են խմել, որ այն յուրաքանչյուր աշտարակցու` նաև իմ, արյան մեծ մասն է: Հետևաբար աշտարակցիները ծննդյան օրվանից հարբած, հոգևորված և սիրահարված են: Եվ նրանք բոլորը ներքուստ պոետ են: Ոչ պատահական է Աշտարակը դարերով հանդիսացել մշակույթի օրորոցը, տվել և շարունակել տալ բազմաթիվ տաղանդավոր մարդկանց` գրողներ, պոետներ, լեզվաբաններ, գիտնականներ, և նույնիսկ եկեղեցականներ: Այսպիսով, յուրաքանչյուր աշտարակցի իր հետ ունի իր փայփայած պոեզիայի գրքույկը (հիմնականում Հայաստանի հանգավորված 6.000 տողանոց պատմությունը): Այն ամենից, ինչ ես այն սակավ տարիների ընթացքում սովորել եմ Աշտարակի դպրոցում, մի բանում լիովին վստահ եմ` ամենալավ բաները իմ մեջ, որոնք արտացոլվել են իմ գրքերում, իմ մանկության մի մասն են, ինչպես խաղալը Աշտարակի փոշոտ փողոցներում, նրա այգիներում, Քասախ գետի ափին, Կարմրավոր և Մարինե եկեղեցիների, Արագած և Ծաղկեվանք սարերի մոտ, ծերերի միամիտ, բայց պարունակալի հեքիաթները և երգերը հարսների և բարի կանանց մասին:

1927 թվին մեր ընտանիքը տեղափոխվեց Երևան, որտեղ 1936 թվին ես ավարտեցի միջնակարգ դպրոցը, իսկ 1940-ին Պոլիտեխնիկի ինստիտուտը, որպես հիդրոինժիներ: Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր` շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած Հայ գրողներից ամենափայլուններից մեկին` Եղիշե Չարենցին: Եվ ես պարտական եմ նաև Մատենադարանին` հին հայկական ձեռագրերի պահուստին, որտեղ ես աշխատել եմ ուսանող ժամանակ, ստանալով բացառիկ հնարավորություն կարդալ մեր սուրբ գրքերը, կլանելով իմ ազգի տարիքի համն ու հոտը ` հին գրականությունը, մտածված իր իմաստից և պարունակությունից բարձր: Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար` միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տաս քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ: Հետագայում ես գնացի Հայաստանի մեկ այլ տեղանք, որպեսզի կառուցեմ հիդրոէլեկրոկայան բանակի համար, սիրահարվեցի, գրեցի և տպագրեցի արձակ և չափածո ստեղծագործություններս, ապրեցի և սովորեցի Մոսկվայում, հաճախակի այցելեցի Հայաստանը, ճանապարհորդեցի ամբողջ Սովետական Միությունը և սահմաններից դուրս (Կորեա, Ֆրանսիա,Ամերիկա), վկայելով, թե ինչ նման են մարդկային ուրախություններն ու վշտերը ամենուր, և թե ինչ կարևոր է պոեզիան մեր կյանքում:
Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով, սիրով` աշխարհի բոլոր մարդկանց համար»:
Գևորգ Էմին –Երգեր Հայաստանի գրքից:

Իր գրական անվան մասին Էմինը գրել է. «Մինչև առաջին գրքիս լույս ընծայումը մամուլում տպագրված գործերիս տակ ստորագրում էի Կարլեն Մուրադյան: Իսկական անունս Գևորգ է, որը 1930թ. «կարմիր կնունք» էին արել և դարձրել Կարլեն: Քանի որ այդ ժամանակ մոդա էր գրական կեղծանունը` Գևորգը վերականգնեցի, և սկսեցինք ազգանուն հորինել: Ընկերներս մեկ ամսից ավել ինձ ասում էին «Գևորգ Սևանի» և ամեն ինչ անում էին, որ այդ անունը «կպչի»: Սողոմոն Տարոնեցին անունս դրեց Գևորգ Սևակ և գրքեր մակագրեց ու նվիրեց, բայց նորից «չկպավ»: Վիգեն Խեչումյանի հետ մի օր դարձյալ կեղծանուն էինք որոնում և թվարկում էինք շատ կարճ անուններ, այդ թվում և Էմին... Գևորգ Էմին... Կարծես թե ստացվեց: Որպեսզի այդ անունը վերջնական լինի, ես ու Վիգենը կոնդակ գրեցինք և տվեցինք Ավետիք Իսահակյանին, որ հաստատի իր ստորագրությամբ: Շուտով հրատարակվեց առաջին գիրքս` «Նաղաշավիղը»` Գևորգ Էմին ստորագրությամբ»:

1951թ. «Նոր ճանապարհ» ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: 1951-54թթ եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, 1968-72թթ` «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը: 1954-1956թթ մասնակցել է ԽՍՀՄ Գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացին: 1973-98թթ եղել է ՀՀ ԳԱԱ Արվեստ ինստիտուտի ավագ գիտաշխատող: Բանաստեղծությունների ժողովածուներն են` «Նախաշավիղը» (1940թ.), «Խաղաղության ծխամորճը» (1942թ.), «Նորքը» (1946թ.), «Նոր ճանապարհ» (1949թ., ԽՍՀՄ Պետական մրցանակ` 1951թ.), «Որոնումներ» (1955թ.), «Մինչև այսօր» (1959թ.), «Երկու ճամփա» (1962թ.), «Այս տարիքում» (1968թ.), «Քսաներորդ դար» (1970թ.), «Դար, հող, սեր» (1974թ., ԽՍՀՄ Պետական մրցանակ` 1976թ.), «Ճամփաբաժան» (1979թ.), «Ախ, այս Մասիսը» (1980թ.) և այլն: Գրել է նաև էսսեներ, հոդվածներ, արձակ ստեղծագործություններ: Երևանի փորձարարական թատրոնը բեմադրել է նրա բանաստեղծությունների մոտիվներով ստեղծված «Անձրևի երաժշտություն» դրաման: Թարգմանել է Ա.Բլոկի, Վ.Մայակովսկու, Ա.Եսենինի, Բ.Պաստեռնակի, Մ.Ցվետաևայի, Մ.Ռիլսկու, Ն.Հիքմեթի, է.Ռեմարկի ստեղծագործություններից:
1967թ. «Հայֆիլմ» կինոստուդիան Էմինի սցենարով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը, որն արժանացել է անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի փառատոնի գլխավոր («Պրոմեթևս-69») և լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին: Երևանի Էքսպերիմենտալ թատրոնը բեմադրել է նրա բանաստեղծությունների մոտիվներով ստեղծված «Անձրևի երաժշտություն» դրաման:
1979թ. դարձել է ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան մրցանակի դափնեկիր, դարձել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ և պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով: 1984թ. պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխություն» շքանշանով:

Գ. Էմինը մահացել է 1998թ. հունիսի 11-ին Երևանում, թաղված է Աշտարակի Կարմրավոր եկեղեցու բակում:



Ձախից` Նաիրի Զարյան, Արազի, Գուրգեն Բորյան, Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դեմիրճյան, Գևորգ Էմին, Ստեփան Զորյան, Սիլվա Կապուտիկյան



