Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է. Զեկույց
Օրվա թեմա
15:13 30/09/2014

Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է. Զեկույց

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի 180 երկրներում մամուլի ազատության մասին իր ամենամյա զեկույցը, որի համաձայն տարածաշրջանում մամուլի ազատության ինդեքսով  առաջատարը Հայաստանի Հանրապետությունն է:

Մասնավորապես` Հայաստանը զեկույցում զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը` հետևում թողնելով Վրաստանին (84-րդ հորիզոնական) և Ադրբեջանին (150-րդ հորիզոնական): Ավելին, մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը առաջ է նաև Թուրքիայից և Իրանից, որոնք ցանկում զբաղեցնում են համապատասխանաբար 154 և 173-րդ հորիզոնականները:

Նկատենք, որ Հայաստանը նախորդ տարի նույնպես տարածաշրջանում առաջատարն էր` զբաղեցնելով 74-րդ հորիզոնականը:
Զեկույցը կազմվում է հատուկ մշակված հարցաշարի միջոցով: Ստացված տեղեկությունների ամփոփումից հետո ձևավորվում է վարկանիշային աղյուսակը` ըստ վեց հիմնական չափորոշիչների` բազմակարծությունը մամուլում, մեդիա անկախություն, գրաքննություն, ոլորտը համակարգող օրենսդրական դաշտ, թափանցիկություն, ենթակառուցվածքներ:

Այս տարի առաջատար տասնյակը գլխավորում է Ֆինլանդիան: Տասնյակում են նաև Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Լիխտեյնշտեյնը, Դանիան, Իսլանդիան և այլ երկրներ:

Մամուլի ազատության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը տեսանելի է նաև հետխորհրդային երկրների հետ համեմատած: Մասնավորապես` զեկույցում ասվում է, որ մամուլի ազատության, անկախության և բազմակարծության հետ կապված լրջագույն խնդիրներ են առկա ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Բելառուսում: Նկատենք, որ զեկույցում Հայաստանը կազմակերպության կողմից դիտարկված մամուլի ազատության բոլոր չափորոշիչներով առաջ է սույն երկրներից:

Placeholder
Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է. Զեկույց