Ռիո դե Ժանեյրոն վերածվել է շինհրապարակի
Աշխարհում
19:02 30/09/2014

Ռիո դե Ժանեյրոն վերածվել է շինհրապարակի

ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը սեպտեմբերի 29-ին իր յոթերորդ այցը կատարեց 2016 թ. օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրո:

Դեռևս մարտին նշված հանձնաժողովը ծայրահեղ էր համարել շինարարական աշխատանքների վիճակը:

Տրված գնահատականը, հավանաբար, սթափեցրել է կազմակերպիչներին:

Լրիվ թափով են աշխատանքներն ընթանում օլիմպիական մարզավանում, կառուցվող նոր մետրոկայարանում, որը պողպատյա գծերը կապում է Ռիոյի կենտրոնին, և գլխավոր մարզահամալիրում, որտեղ անցկացվելու են խաղերի ծրագրում ընդգրկված 21 մարզաձևերի մրցաշարերը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Ռիոյի մայրուղիներում առավելապես երթևեկում են ինքնաթափ և բետոնախառնիչ ավտոմեքենաները:

ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովն առաջինը այցելել է հրաձգության, ժամանակակից հնգամարտի, ձիասպորտի և թիավարության շինտեղամասեր: Աշխատանքային խմբին, հավանաբար, կմիանա նաև Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը: Սա վկայում է, որ մեծ է կազմակերպիչների պատասխանատվությունը շինարարական աշխատանքների ընթացքի հարցում: Ի դեպ, առաջիկա կիրակի օրը տեղի է ունենալու երկրի նախագահի ընտրությունը: Թեկնածուների թվում է նաև գործող նախագահը:

Գրաֆիկից հետ է մնում գոլֆի ստադիոնի շինարարությունը: Պատճառը բնապահպաններն են, որոնք անհանգստացած են տեղանքի կանաչ տարածությունը վնասելու համար և այդ առիթով դիմել են դատախազություն: Շինարարներն սպասում են վճռի կայացմանը:

«Ռիո-2016»-ի կազմակերպիչները մտահոգ են նաև անվտանգության խնդրով, թեև Բրազիլիայում ամռանն անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության ամբողջ ընթացքում որևե լուրջ միջադեպ չի գրանցվել:

ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովի եռօրյա այցը կավարտվի հոկտեմբերի 1-ին:

Placeholder
Ռիո դե Ժանեյրոն վերածվել է շինհրապարակի