«Հայաստանի և Բելառուսի գործարար ներկայացուցիչների համար պետք է բարելավել գործարար միջավայրը»
Տնտեսություն
18:36 07/10/2014

«Հայաստանի և Բելառուսի գործարար ներկայացուցիչների համար պետք է բարելավել գործարար միջավայրը»

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին:

Հանդիպման հիմնական նպատակն էր ճշգրտել տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 11-րդ նիստի օրակարգը. նիստը տեղի կունենա հոկտեմբերի 23-24-ը Մինսկում, հայկական կողմի համանախագահն է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Այս մասին հաղորդում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Կարեն Ճշմարիտյանը հայտնել է, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը կարևոր հարթակ է երկու երկրների տնտեսական հարաբերությունները վերանայելու և համագործակցության նոր ուղիներ մշակելու համար: Նա նաև նշել է, որ Հայաստանի և Բելառուսի գործարար ներկայացուցիչների համար պետք է բարելավել գործարար միջավայրը, ինչը փոխգործակցության նոր խթան կդառնա նրանց համար:

Դեսպան Սուխորենկոն նշել է, որ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստերի արդյունքում հայ-բելառուսական տնտեսական համագործակցությունն ավելի տեսանելի է դառնում, և որպես օրինակ նշել է Հայաստանի կառավարության օժանդակությամբ մեծ քանակի գյուղատնտեսական մեքենաների ներկրումը: Այժմ աշխատանքներ են տարվում այդ մեքենաների սպասարկման և վերանորոգման կենտրոնների ստեղծման ուղղությամբ:

Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի կունենան էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պաշտոնական հանդիպումները Բելառուսի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, այցելություններ բելառուսական ձեռնարկություններ:

Placeholder
«Հայաստանի և Բելառուսի գործարար ներկայացուցիչների համար պետք է բարելավել գործարար միջավայրը»