Հայաստանում ամեն ինչ արվում է  հոգեկան հիվանդների վիճակը թեթևացնելու համար. հոգեթերապևտ
Առողջություն
12:38 10/10/2014

Հայաստանում ամեն ինչ արվում է հոգեկան հիվանդների վիճակը թեթևացնելու համար. հոգեթերապևտ

Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում ավելի քան 450 միլիոն մարդ այժմ տառապում է հոգեկան հիվանդություններով: Օրվա  նպատակը ընկճախտային խախտումների, շիզոֆրենիայի, Ալցհեյմերի հիվանդության, թմրակախվածության, էպիլեպսիայի և մտավոր հետամնացության տարածվածության կրճատումն է:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեթերապևտ Հարություն Մինասյանը, հոգեկան առողջության միջազգային օրն առհասարակ շատ կարևոր միջոցառում է, և ուղղված է հոգեկան խնդիրներ ունեցողների նկատմամբ վերաբերմունքը փոխելուն, ինչպես նաև հանրությանը հոգեկան հիվանդությունների խնդիրների մասին իրազեկելուն:

Նրա խոսքերով` ի տարբերություն Եվրոպայի, Հայաստանում երբեք հոգեկան հիվանդների նկատմամբ բռնություններ, ճնշումներ չեն իրականացվել:

«Հայաստանում ամեն ինչ արվում է, որպեսզի հոգեկան հիվանդների վիճակը թեթևացնեն»,- ասաց նա:

Հ. Մինասյանն ասաց, որ ամեն ինչ պետք է անել հիվանդության «խարանը» վերացնելու համար, քանի որ հենց դրա պատճառով է` մարդիկ հոգեբույժներին դիմելու փոխարեն դիմում են էքստրասենսներին, լավագույն դեպքում էլ՝ հոգեբաններին:

Ինչ վերաբերում է նևրոզներին, հոգեթերապևտը նշեց, որ Հայաստանում գնալով շատանում են նևրոզները, բայց նևրոզները հասարակության համար այնքան վտանգավոր չեն, որքան փսիխոզները:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության` Հայաստանում հաշվառված է գրեթե 46.000 մարդ, որոնցից մոտավորապես 10.000-ի մոտ առկա են շիզոֆրենիա և շիզոտիպիկ խանգարումներ: 46.000-ից հաշմանդամ է գրեթե 20.000-ը:

Placeholder
Հայաստանում ամեն ինչ արվում է հոգեկան հիվանդների վիճակը թեթևացնելու համար. հոգեթերապևտ