Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ամենակարևորը ուզում եմ խնդրել ու հորդորել մեր քաղաքացիներին, որպեսզի անանուն զանգերին վերջ տան և տրամադրեն տեղեկությունները միմիայն փաստերով, որպեսզի մենք կարողանանք միջադեպի կամ նշված վայր ուղարկել արագ արձագանքման խումբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` ավելացնելով, որ փաստեր են պետք ու կոնկրետ անուններ այն անձանց, ովքեր խոչընդոտում են, որպեսզի կարողանան արձանագրել դրանք:
Հիշեցնենք, Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի վերջում պատգամավորը հայտարարել էր, որ գործելու է թեժ գիծ, որին զանգահարելով քաղաքացիները կարող են տեղեկացնել այն խոչընդոտների մասին` ճանապարհներն են փակ, հասարակական տրանսպորտը չի գործում և այլն, որ կհանդիպեն Ազատության հրապարակ հասնելու ճանապարհին:
Տ.Ուրիխանյանը նշեց, որ առավոտյան ստացել էին ահազանգ այն մասին, թե Բյուրեղավան-Երևան երթուղիները չեն աշխատում, բայց աղմուկից հետո իբրև թե երթուղիները աշխատում են:
«Թարմ տեղեկություն. Ազատության հրապարակում ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ փորձում են տեղադրել օրենքով ու կարգով սահմանված մետաղյա արգելապատնեշները, բայց նրանց ուղղակի չէին թողնում, որպեսզի մուտք գործեն Ազատության հրապարակ»,- ասաց նա` տեղեկացնելով, որ այդ խնդիրը ևս հարթվել է:
Panorama.am-ի հարցին` ընդհանուր առմամբ փակ ճանապարհների մասով, փաստորեն, ահազանգ չեն ստացել, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Անանուն զանգեր են եղել, դրա համար եմ հորդորում, որպեսզի քաղաքացիները տրամադրեն տեղեկություն: Մենք չենք ցանկանում անիմաստ, մակերեսային զրույցների հիման վրա ոչ աղմուկ բարձրացնել, ոչ էլ կարող ենք այդ դեպքում գործողություններ իրականացնել: Մեզ անհրաժեշտ են փաստեր, որոնց առկայության դեպքում քաղաքացու ազատ տեղաշարժը խոչընդոտողները կենթարկվեն համապատան պատասխանատվության»:
Հիշեցնենք, որ ժամը 18.00-ին Ազատության հրապարակում կմեկնարկի եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հանրահավաքը, որին մասնակցելու են նաև քաղաքական այս ուժերի առաջնորդները: