Արա Աբրահամյան. ՀՀ կառավարության կողմից տնտեսական դաշտում պետք է ճիշտ քաղաքականություն վարվի
Քաղաքական
11:37 13/10/2014

Արա Աբրահամյան. ՀՀ կառավարության կողմից տնտեսական դաշտում պետք է ճիշտ քաղաքականություն վարվի

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կարևոր իրադարձություն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Նա հայտնեց, որ իրենք հոկտեմբերի 16-ին խորհրդարկցություն են անցկացնելու՝ քննարկելու, թե ինչ քայլեր պետք է անեն այդ անդամակցությունն ավելի արդյունավետ լինելու համար:

Ա. Աբրահամյանը նշեց, որ այդ անդամակցությունը չի սպառնում Հայաստանի անկախությանը, չի վնասելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ապահովելու է Հայաստանի անվտանգությունը, միայն տնտեսական հարցերով են լինելու սահմանափակումներ:

Ըստ նրա, այժմ պետք է Հայաստանի կառավարությունը միջոցներ ստեղծի, որպեսզի արտահանման ծավալները ԵՏՄ անդամ երկրներ ավելանան, քանի որ պահանջարկը կա: Ա. Աբրահամյանը նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցությունն ապահովելու է կապիտալի ազատ տեղաշարժ:

«Տնտեսական դաշտում պետք է ճիշտ քաղաքականություն վարվի Հայաստանի կառավարության կողմից: Այս դեպքում մեր վիճակը բավականին կլավանա: Մեծ հնարավորություն կա»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ Հայաստանը ճկուն քաղաքականություն պետք է վարի, պետք է աշխատի բոլորի հետ:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի նկատմամբ կիրավող պատժամիջոցներին, Ա. Աբրահամյանն ասաց, որ դա ժամանակավոր բնույթ է կրում: Նա նշեց, որ այդ պատժամիջոցներն, իհարկե, ՀՀ-ի վրա անդրադառնում են, դժվարություններ կստեղծեն ՀՀ-ի համար, բայց ԵՏՄ-ին անդամակցությունն ու ճիշտ քաղաքականության իրականացումն այդ խնդիրներն ավելի կթեթևացնեն:

Placeholder
Արա Աբրահամյան. ՀՀ կառավարության կողմից տնտեսական դաշտում պետք է ճիշտ քաղաքականություն վարվի