ՏԿՆ-ից չեն մեկնաբանում Արմեն Գևորգյանի հնարավոր հրաժարականի լուրը. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:45 15/10/2014

ՏԿՆ-ից չեն մեկնաբանում Արմեն Գևորգյանի հնարավոր հրաժարականի լուրը. «ՀԺ»

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին տեղեկությունը, թեև, պաշտոնապես դեռ չի հաստատվել, սակայն իշխանական կուլիսներում նրան փոխարինողի անուն է շրջանառվում արդեն։ Այս մասին գրել է «Հայկական Ժամանակ»-ը:

Տարածքային կառավարման նախարարի մամուլի խոսնակ Զոյա Բարսեղյանը մի քանի օր է՝ հեռախոսազանգերին չի պատասխանում։ Ու թեև Արմեն Գևորգյանը դեռ նախօրեին աշխատանքի էր և պաշտոնական հանդիպումների, սակայն երեկվա նրա պաշտոնական գրաֆիկի մասին ոչինչ հայտնի չէ։

Կառավարության տեղեկատվության հետ կապերի վարչությունից երեկ սույն հրաժարականի վերաբերյալ հիշեցրել են ընդամենը, որ փոխվարչապետին նշանակում և ազատում է երկրի նախագահը:

Նշենք, որ մամուլում Արմեն Գևորգյանի պաշտոնի բազմաթիվ հավակնորդների անուններ են շրջանառվում:

Ըստ «Հայկական Ժամանակ»-ի տարածքային կառավարման նախարար է նշանակվելու Գագիկ Բեգլարյանը, ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ հավանական թեկնածու է համարվում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, իսկ «Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ սույն պաշտոնի հավակնորդը ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանն է:
 

Placeholder
ՏԿՆ-ից չեն մեկնաբանում Արմեն Գևորգյանի հնարավոր հրաժարականի լուրը. «ՀԺ»