«Երեխայակենտրոն Հայաստան». Ձեռքբերումներն ու խոչընդոտները
Վերլուծություններ
10:45 23/10/2014

«Երեխայակենտրոն Հայաստան». Ձեռքբերումներն ու խոչընդոտները

Այս տարի աշխարհում նշվում է ՄԱԿ-ի Երեխայի կոնվենցիայի 25-ամյակը և սա առիթ է, որպեսզի մենք հետ նայենք ու տեսնենք, թե վերջին 20-25 տարիներին Հայաստանն ինչ ձեռքբերումներ է գրանցել և ներկայումս այդ իմաստով ինչ խոչընդոտներ ունենք: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը և ձեռքբերումները մատնանշեց ըստ ոլորտների:

«Պետք է նշենք, որ առողջապահության ոլորտում մինչև հինգ տարեկան երեխաների մահացության ցուցանիշը բավականին կրճատվել է, ինչը բնորոշ է նաև տարածաշրջանին` Միջին և Արևելյան Եվրոպայի երկրների ցուցանիշին: Դրան զուգահեռ Հայաստանում 2002թ-ից ի վեր պոլիոմելիտի դեպքեր չեն գրանցվել, 2009թ-ից ի վեր` կարմրախտի: Ինչպես նաև 2006թ-ից իրականացվել է աղի միջոցով յոդի պակասը նվազեցնելու գործընթացը»,- թվարկեց նա:

Կրթության ոլորտում ձեռքբերումների թվում Զառա Սարգսյանը նախ` մատնանշեց Հայաստանում մանկապարտեզների հասանելիության ավելացումը, ինչպես նաև կարևորեց ներառական կրթության ներդրումը: Ճիշտ է, շարունակեց նա, ներառական կրթության ոլորտում ձեռքբերումներ Հայաստանը գրանցել է, բայց դեռ խոչընդոտներ կան:

«Այս իմաստով ծրագիրն ավելի շատ ուղղված է կրթության որակի բարձրացմանը, ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր ենք իրականացնում Կրթության ազգային ինստիտուտի և այլ հաստատությունների հետ միասին, նաև տարբեր մոդելներ ենք պիլոտավորում, թե ինչպես, օրինակ, վերակազմավորել հատուկ կրթական հաստատությունները և նրանց եղած ռեսուրսը ուղղել դեպի հիմնական դպրոցներ, որպեսզի ներառող և այլ աջակցություն ցուցաբերվի դրանց ուսուցիչներին»,- ասաց Զ.Սարգյանը` ավելացնելով, որ նաև «Կարող ենք միասին» արշավն էլ նպատակ ունի վերաբերմունքի փոփոխությանը նպաստել, քանի որ ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի անցկացրած հետազոտության` հայ հասարակությունը խտրական վերաբերմունք ունի մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը նշեց, որ այսօր կարելի է ասել, որ ներառական կրթության գաղափարի ներդրումն էլ հստակ կայացել է Հայաստանում:

«Այո, խոչընդոտներ կան, բայց հետագա տարիների ծրագրերը հենց դրան են ուղղված, որպեսզի խոչընդոտները մեղմացվեն: Հիմնականում խոչընդոտ ասելով հասկանում ենք տրամադրվող կրթության որակը և այստեղ կարևոր է հենց իմ նշած ուսուցիչների վերապատրաստումը, ինչպես նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցներում արդեն առկա ներուժի վերաորակավորում, որպեսզի նրանք կարողանան այդ գործընթացին մասնակցել: Նաև կրկնեմ, որ շատ կարևոր է հասարակության վերաբերմունքի փոփոխությունը հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ: Սրանք են հիմնական թիրախները»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է խոչընդոտներին, ապա մեր զրուցակիցը սկսեց դրանց թվարկումը ընտանեկան միջավայրում երեխայի մեծանալու իրավունքի հետ կապված խնդրից, որ առկա է Հայաստանում և նշեց, որ այդ իմաստով մեր երկիրը քիչ թե շատ հետ է մնում տարածաշրջանի մյուս երկրներից, որտեղ, օրինակ, իրավական ակտեր կան մինչև երեք տարեկան երեխաներին խնամքի հաստատություններում չտեղավորելու առումով:

«ՄԶԳ ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը այլ հասարակական կազմակերպությունների հետ միասին ծրագիր է իրականացնում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության, ինչպես նաև Տարածքային կառավարման նախարարությունների աջակցությամբ, ըստ որի առաջիկա տարիներին մոտ քսան խնամքի հաստատություններ կվերակազմավորվեն և մոտ 1800 երեխա ընտանիքում մեծանալու, ապրելու հնարավորություն կստանա»,- նշեց նա:

Եվս մեկ խոչընդոտ` առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքի խախտում: Ըստ մեր զրուցակցի` Հայաստանում առկա է թե թերսնուցման, թե գերաճի խնդիրը` հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում: 2010թ-ի տվյալներով` ծնված երեխաների միայն 35 տոկոսն է, որ մինչև վեց ամսական սնուցվում է կրծքով, իսկ ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի չափորոշիչների` կրծքով սնուցումը պարտադիր երաշխավորված է մինչև վեց ամիս, որից հետո պետք է սկսվի հավելասնուցումը` մինչև 1-2 տարեկանը կրծքով սնուցմանը զուգահեռ:

«Հայաստանում, ցավոք, այդ պատկերը չունենք և վերջին` 2010թ-ի տվյալները դա ապացուցում են: Այդ տվյալները վկայում են նաև, որ  նոր ծնված երեխաների շատ քիչ տոկոսն է մոր կրծքին դրվում, որն ամենաառաջին քայլերից է, որպեսզի կրծքով սնուցումը խրախուսվի: Այս ամենին գումարած առկա է այն իրավիճակը, որ ծննդատներում շատ դեպքերում խրախուսում են կամ անվճար տալիս են կաթնախառնուրդները, մինչդեռ պետք է հիշենք, որ Հայաստանը ստորագրյալ կողմ է հանդիսանում կանթախառնուրդի շուկայավարման միջազգային կոդեքսի, ըստ որի` ծննդատներում կաթնախառնուրդ անվճար տրամադրել չի թույլատրվում, ինչպես նաև դրանց գովազդումը բուժհաստատություններում»,- հավելեց նա:

Placeholder
«Երեխայակենտրոն Հայաստան». Ձեռքբերումներն ու խոչընդոտները