Հայաստանի մշակույթի նախարարը կմեկնի Մոսկվա
Մշակույթ
11:52 23/10/2014

Հայաստանի մշակույթի նախարարը կմեկնի Մոսկվա

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կմեկնի Մոսկվա՝ որպես Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) վարչության անդամ մասնակցելու  հոկտեմբերի 26-ին կայանալիք ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի  ու Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) համատեղ նիստին, իսկ հոկտեմբերի 27-ին Սոչի՝ որպես ԱՊՀ անդամ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի նախագահ` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի XXIX նիստին:  Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից: 

Հայաստանը վերոնշյալ խորհրդում նախագահում է 2011 թվականից: Խորհրդի ան­դամներ են հանդիսանում ԱՊՀ երկրների մշակույթի նախարարները:

ՀՀՄՀ վարչության նիստի ընթացքում կքննարկվեն ՀՀՄՀ 2015 թ. ծրագրերը, ԱՊՀ հումանիտար դաշտի խնդիրները և ՀՀՄՀ գործադիր տնօրինության գործունեությունը, կկայանան Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) նախագահի և համանախագահի ընտրություններ:

ԱՊՀ մշակութային համագործակցության խորհրդի նիստում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ կքննարկվի օրակարգով նախատեսված 14 հարց, որոնց թվում՝ ԱՊՀ մասնակից պետություններում 2014-2015 թթ. գերակա մշա­կութային ծրագրերի կատարման ընթացքը, 2016-2020 թթ. մշակութային ծրագրի նախագիծը, «Համագործակցության հասակակիցներ» կինոալմանախի պատրաստ­ման գործընթացը, ԱՊՀ երկրներում «ԱրտԷքսպո» ամենամյա ցուցահանդեսի կանոնակարգի նախագծի վերջնական տարբերակը, ԱՊՀ մշակութային համագործակցության խորհրդի հերթական՝ XXX նիստի անցկացման ժամկետներն ու վայրը: Նիստի ընթացքում կհաստատվի նաև ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհրդի կողմից տրվող պատվոգրին կից կրծքանշանը:

Placeholder
Հայաստանի մշակույթի նախարարը կմեկնի Մոսկվա