«Le Figaro». «ԼՂ հարցով փարիզյան հանդիպումը ուղղված է երկխոսության վերսկսմանը»
Քաղաքական
15:14 27/10/2014

«Le Figaro». «ԼՂ հարցով փարիզյան հանդիպումը ուղղված է երկխոսության վերսկսմանը»

Ֆրանսիական առաջատար «Le Figaro» պարբերականն անդրադարձել է Փարիզում այսօր կայանալիք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով գագաթաժողովին:

Պարբերականի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ իրականցվող հանդիպման հրավերը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին փոխանցվել էր այս տարի մայիսին Հարավային Կովկաս Ֆրանսուա Օլանդի կատարած այցի շրջանակներում: Հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին` պարբերականը նշում է, որ այսօրվա հանդիպման օրակարգի գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսումն է:

«Օլանդի համար հանդիպման օրակարգի գլխավոր խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելն է, որի կարևորությունը էլ ավելի է մեծանում, եթե նկատի ունենանք սահմանային գոտում այս ամռանն արձանագրված լարվածության աճը»,- գրել է «Ֆիգարոն»՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին:
 
Անդրդառանալով ամռան ամիսներին արձանագրված սահմանային լարվածությանը ` պարբերականը մեջբերում է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի կարծիքը, համաձայն որի` հրադադարի խախտման առաջին փորձերը իրականացվել են Ադրբեջանի կողմից, որից հետո` նոր միայն հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Փորձագետի կարծիքով` տանուլ տալով պատերազմը` Ադրբեջանը ներկայում նավթագազային դոլարների հսկայական մասը ուղղում է իր ռազմական բյուջեի ապահովմանը:

Շարունակելով` պարբերականը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը, այնուամենայնիվ չի հրաժարվում իր ռազմատենչ հայտարարություններից: Ըստ պարբերականի` ավելին, արդեն երկուս ու կես տարի պաշտոնական Բաքուն ահաբեկել և ձերբակալել է 50-ից ավել իրավապաշտպանների, ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների, բլոգերների:

«Այս մարդկանց ներկայացվել են բազմաթիվ անհիմն մեղադրանքներ` ընդհուպ մինչև Հայաստանի օգտին լրտեսություն և պետական դավաճանություն: Այս կեղծ մեղադրանքները վերաբերվում են նաև հասարակական կազմակերպություններին, ինչպես օրինակ վերջերս ձերբակալված Յունուս ամուսինների կազմակերպությունը, որը զբաղվում է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությամբ»,- գրում է պարբերականը:

Le Figaro-ն նկատում է, որ չնայած Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից հնչեցված բազմաթիվ հայտարարություններին` օրերս Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեյլա Յունուսի կալանքի ժամկետները: Մեջբերելով Յունուսի աղջկա նամակը ուղղված Ֆրանսիայի նախագահին` պարբերականը հիշեցնում է, որ Յունուսը ունի լուրջ առողջական խնդիրներ:

Կրկին անդրադառնալով այսօր կայանալիք հանդիպմանը և հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին` պարբերականը գրում է, որ համաձայն այդ աղբյուրի տեղեկատվության` այսօրվա հանդիպման ավարտին կարելի է սպասել համատեղ հայտարարության, որն էլ կնախանշի երկխոսության վերսկսումը:

Placeholder
«Le Figaro». «ԼՂ հարցով փարիզյան հանդիպումը ուղղված է երկխոսության վերսկսմանը»