Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման համար չինական կողմը նախատեսում է  ներդնել մոտ 8 մլն դոլար
Կրթություն, գիտություն
16:55 30/10/2014

Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման համար չինական կողմը նախատեսում է ներդնել մոտ 8 մլն դոլար

Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ստեղծել Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանի խոշոր դպրոցը, որը լինելու է հայկական դպրոց, պարզապես այդտեղ լրացուցիչ դասաժամեր են հատկացվելու չինարենի ուսուցման և Չինաստանի մշակույթի ուսումնասիրության համար: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրուցյում ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք,  որ Կառավարության որոշմամբ` չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման համար չինական կողմին է տրամադրվելու Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության «Երևանի Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևան քաղաքի Զ.Սարկավագի 14 հասցեում գտնվող ուսումնական և օժանդակ շենքն ու հարակից տարածքը:

Ա.Աշոտյանն ասաց, որ դպրոցն ունենալու է գերժամանակակից բոլոր ենթակառուցվածքները, մշակութային կենտրոն, ինչպես նաև հանրակացարանային համալիր, որպեսզի մարզերից եկած աշակերտները նույնպես հնարավորություն ունենան այդ դպրոցում սովորելու:

Նախարարի խոսքերով` չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման առաջարկն արել է Հայաստանը, քանի որ մեր երկրում խրախուսվում է արտասահմանյան ներդրումները կրթության ոլորտում: «Չինաստանի հետ այս նախագիծն ունի նաև քաղաքական կարևորություն, քանի որ հայ-չինական հումանիտար համագործակցության շոգեքարշը և այցեքարտը կարող է լինել, հատկապես, որ չինական կողմը մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ է այս առաջարկը ընդունել»,- ասաց Ա. Աշոտյանը` հավելելով, որ դպրոցի կառուցման համար չինական կողմը նախատեսում է նախնական տվյալներով ներդնել մոտ 8 մլն ԱՄՆ դոլար:

«Սա խոշոր ներդրում է և ոգևորիչ նախագիծ է նաև այն առումով, որ աշխարհում չինարենի պահանջարկն աճում է»,- նշեց ԿԳ նախարարը:

Ինչ վերաբերում է դասագրքերին, նախարարն ասաց, որ Հայաստանում չկան հայերենի հենքով չինարենի ուսումնասիրման դասագրքեր: Դրա համար առաջին փուլում չինարենի խորացված ուսուցման դպրոցում աշակերտներին կդասավանդեն ռուսական հենքով չինարենի ուսումնասիրման դասագրքերով:

Սակայն, ըստ Ա.Աշոտյանի, մասնագետները չինական կողմի հետ շատ արագ ստեղծելու են հայերենի հենքով չինարենի ուսումնասիրման ու դասավանդման դասագրքերի և ուսումնական մեթոդների շարքը:

Նախարարի խոսքերով` նախատեսվում է դպրոցի շինարարական աշխատանքները սկսել 2015 թվականին: «Հաշվի առնելով, որ շինարարությունն իրականացնելու է չինական կողմը, կլինի շատ արագ ու որակով: Նախատեսվում է, որ մոտ երկու տարի հետո կբացվի դպրոցը»,- ասաց Ա.Աշոտյանը:

Նախարարը նաև հայտնեց, որ նմանատիպ դպրոցներ Հայաստանում կառուցելու համար ՀՀ կառավարությունը դիմել է մի շարք արաբական երկրների:
 

Placeholder
Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման համար չինական կողմը նախատեսում է ներդնել մոտ 8 մլն դոլար