Գեներալ Մ. Գրիգորյանը՝ դիվերսանտների դատավարության ու իր պահած գերու մասին
Հասարակություն
13:38 01/11/2014

Գեներալ Մ. Գրիգորյանը՝ դիվերսանտների դատավարության ու իր պահած գերու մասին

«Դիվերսանտներին պետք է բռնեին ու գնդակահարեին, որ դատ ու դատաստան չլիներ: Այդպիսի մարդկանց, ովքեր անչափահասի են սպանում, սահման են հատում, պետք է գնդակահարել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը:

Պատասխանելով այն դիտարկմանը, թե այդ դեպքում միջազգային հանրությունը կքննադատեր հայկական կողմին, գեներալն ասաց. «Երբ որ երեխայի են սպանում, կնոջ են սպանում, ինչու չեն քննադատում»:

Նշենք, որ Ստեփանակերտում այս օրերին ընթանում  ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը:

Մ. Գրիգորյանը նշեց, որ ինքը հարյուրավոր գերիներ է ունեցել, նրանց շատ լավ է վերաբերվել. «Ունեցել եմ Սիմոն անունով մի գերի, որին երկու տարի Մարտակերտում եմ պահել, երկու տարի Հայաստանում` իր տանը: Հետո Կարմիր խաչի միջոցով հանձնեցինք Ադրբեջանին, որովհետև այնտեղ մայր ուներ, քույր, նշանած, շատ էր ուզում գնալ: Հատուկ ջոկատային էր, պարապած: Մեծ դժվարությամբ ենք կարողացել նրան բռնել: Ես եմ անունը դրել Սիմոնյան Սիմոն: Հո չէի ասի Ալիևյան Ալիև»:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, Մ. Գրիգորյանն ասաց, որ ինքն իր գործն ավարտել է 25 տարի առաջ, այժմ արդեն դիվանագետների հերթն է աշխատելու: Հողերի հանձնման վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց, որ եթե փոխանակման խնդիր կա, ապա հայկական հողեր կան, որոնք ադրբեջանական կողմի ձեռքում են:

Placeholder
Գեներալ Մ. Գրիգորյանը՝ դիվերսանտների դատավարության ու իր պահած գերու մասին