Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հայտարարել է, որ իրենք թուրքական կողմի հետ ոչ մի պայմանագիր չեն ստորագրել՝ Կիպրոսի Միջերկրական ափերի մոտ գազային հանքավայրերում հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար: Ադրբեջանի նավթային ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենց ընկերությունը չի աշխատել և չի աշխատելու վիճելի տարածքներում:
Կիպրոսի նավթագազային հանքավայրերը և Թուրքիան
Այսօր հունական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ իրականացնելու է գազային հանքավայրերի հետախուզում՝ հետագայում դրանք շահագործելու համար: Բաքվից այդ տեղեկատվությունը օպերատիվորեն հերքվեց: Նշենք, որ Կիպրոսի ափերի մոտ գտնվող «Աֆրոդիտե» հանքավայրում գազի պաշարները գնահատվում են 1.7 տրիլիոն խմ-ի սահմաններում:
Տվյալ հանքավայրի շահագործումը կարող է լուծել Կիպրոսի առջև ծառացած լուրջ տնտեսական խնդիրները: Նիկոսիայի կողմից տվյալ հանքավայրում հետախուզական աշխատանքների մեկնարկից հետո Թուրքիայի ղեկավարությունը հայտարարեց, որ Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը միասին շահագործելու են Հյուսիսային Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում գտնվող նավթագազային հանքավայրերը: Թուրքիան 2011թ.-ին այդ շրջան էր ուղարկել մի քանի ռազմանավ և ռազմական ավիացիա:
Նախորդ շաբաթ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ, որի ժամանակ իր մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսում գազային հանքավայրերի անօրինական շահագործման փորձերի հետ կապված: Ջո Բայդենը խոստացել է ավելի ակտիվացնել ԱՄՆ-ի դիվանագիտությունը՝ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու համար: Հոկտեմբերի 20-ից Անկարան վերսկսել է Կիպրոսի հյուսիսում հետախուզական գործունեությունը: Թուրքական գիտահետազոտական նավերին ուղեկցում են ռազմածովային ուժերի մի քանի նավ:
Թուրք-հունական հակասությունները
Թուրք-հունական հարաբերությունները դարեր ի վեր կրում են բավականին լարված, իսկ ժամանակ առ ժամանակ բացահայտ թշնամական բնույթ, ինչը բացատրվում է երեք հիմնական պատճառներով՝ Պոնտոսի հույների ցեղասպանությամբ (1916-1923 թթ. Պոնտոսի ցեղասպանության զոհ են դարձել ըստ տարբեր աղբյուրների 353.000 -ից մինչև 1.200.000 հույներ), Էգեյան ծովում առկա տարածքային վեճերով և Կիպրոսի հիմնախնդրով: Էգեյան խնդիրը վերաբերվում է Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովում տարածքային ջրերի և վիճելի կղզիների սահմանազատման հետ և այն քիչ էր մնում հանգեցներ պատերազմի ՆԱՏՕ-ի անդամ Անկարայի և Աթենքի միջև: Պոնտոսի ցեղասպանությունից հետո թուրք-հունական հարաբերություններում ամենացավոտ հարցերից մեկը Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի բռնազավթումն է: Թուրքիան 1974 թ.-ին «Атилла» գործողության ընթացքում օկուպացրել է Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը, Կիպրոսի հյուսիսում իրականացրել հույների էթնիկ զտումներ և այդ շրջանում տեղակայել է իր ռազմաբազաները:
Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան դատապարտվել է միջազգային տարբեր կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի կողմից, սակայն չնայած միջազգային բացասական վերաբերմունքին Անկարան Հյուսիսային Կիպրոսում ստեղծեց երկրորդ թուրքական պետությունը՝ 1983 թ.-ին ճանաչելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը:
Այս պահի դրությամբ Հյուսիսային Կիպրոսում է գտվում Թուրքիայի ԶՈւ-րի 11-րդ բանակային կորպուսը, որի ընդհանուր թիվը հասնում է գրեթե 40.000-ի:
Թուրքիան Հյուսիսային Կիպրոսը օկուպացնելուց հետո այնտեղ էթնիկ զտումներ է իրականացրել: Թուրքական ներխուժման հետևանքով Հյուսիսային Կիպրոսը լքել է 200.000 հույն՝ թողնելով իրենց բնակավայրերը և գույքը: Կղզու հյուսիսային հատվածի ժողովրդագրական դեմքը փոխելու համար Անկարան սկսած 1974թ.-ից կղզում վերաբնակեցրել է 80.000-100.000 թուրք: Տարբեր գնահատականներով, Հյուսիսային Կիպրոսում 55 եկեղեցի վերածվել է մզկիթի, 50 տաճար և վանք պղծվել է:
Բաքուն Կիպրոսի հարցում սեփական շահերն ունի
Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսում Թուրքիայի իրականացվող ծրագրերից զերծ մնալն ու իր մասնակցության հարցը այդքան օպերատիվ հերքելն ունի իր բացատրությունը: Ադրբեջանը դիվանագիտական դաշտում, միջազգային ասպարեզում ունենալով ղարաբաղյան հիմնահարց փորձում է առաջ տանել միայն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը՝ զգուշանալով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման բոլոր դրական նախադեպերից:
Ադրբեջանը չի ցանկանում վատթարացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, որի հետ իրականացվում են բազմաթիվ էներգետիկ ծրագրեր՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, շուտով կյանքի է կոչվելու TANAP և TAP ծրագրերը, իսկ տրանսպորտային համագործակցության առումով 2015թ.-ին գործարկվելու է Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը: Բաքուն իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ իրականացնելով վերոնշյալ ծրագրերը չի ցանկանում վատթարացնել իր հարաբերությունները նաև Կիպրոսի և Հունաստանի հետ, ինչը բացատրվում է նաև TAP-ի ծրագրում Հունաստանի մասնակցությամբ: Ադրբեջանը միջազգային բոլոր ատյաններում խոսելով ՄԱԿ-ի ԱԽ-ի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ընդունված 4 բանաձևերի մասին, որոնք, սակայն, Հայաստանի դեմ ուղղված չեն և հասցեագրված չեն Երևանին, «մոռանում» է ՄԱԿ-ի կողմից Թուրքիայի դեմ ընդունված տասնյակ բանաձևերի մասին՝ Հյուսիսային Կիպրոսի 1974թ.-ին բռնազավթելու և 1983թ.-ին Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը ճանաչելու հետ կապված: Ինչ վերաբերվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված 4 բանաձևերին, ինչի մասին Բաքուն անընդհատ հայտարարում է, ապա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի իր ելույթում Ադրբեջանին հստակ պատասխան է տվել.«Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՄԱԿ-ի ԱԽ կողմից պատերազմի տարիներին ընդունած 4 բանաձևերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում:
Խոսքն այն բոլոր չորս բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը:
Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը»:
Նախագահը իր խոսքում նաև նշել էր, որ «Անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում ԼՂ հետ, որն, ի դեպ, 1994թ. հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում:
Ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ»:
Արտյոմ Բալասանով, վերլուծաբան