Հայ հետախույզներ. Թեհրան-43-ից մինչև ԽՍՀՄ-ի ատոմային ռումբը
Քաղաքական
16:01 05/11/2014

Հայ հետախույզներ. Թեհրան-43-ից մինչև ԽՍՀՄ-ի ատոմային ռումբը

1992թ.-ի նոյեմբերի 5-ին Հայաստանում ազատամարտիկների որոշ ջոկատների հիմքի վրա ստեղծվեցին Պաշտպանության բանակի առանձին հետախուզական ստորաբաժանումները։ Բոլոր ժամանակաշրջաններում և աշխարհի տարբեր երկրներում ազգությամբ հայ հետախույզները իրենց անունները փառքով են պսակել՝ համարվելով մասնագիտության մեջ իսկական պրոֆեսիոնալներ:

Թեհրան-43. Փրկել Ռուզվելտին, Չերչիլին և Ստալինին

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ամենավճռական պահին ԽՍՀՄ-ի առաջնորդ Իոսիֆ Ստալինի նախաձեռնությամբ Իրանի մայրաքաղաք Թեհրանում հավաքվում են հակահիտլերյան կոալիցիայի առաջնորդները՝ Իոսիֆ Ստալինը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը և ԱՄՆ-ի նախագահը Ֆրանկլին Ռուզվելտը:

Թեհրանում 1943 թ.-ին մեծ եռյակի հանդիպման անվտանգությունը ապահովելու և նախատեսվող մահափորձը խափանելու գործում հիմնական դերակատարում է ունեցել հետախուզության լեգենդներից մեկը համարվող հայազգի Գևորգ Վարդանյանը՝ Ամիր օպերատիվ կեղծանվամբ:

Վարդանյանը և նրա խումբը կարողանում է բացահայտել գերմանական լրտեսական ցանցը և խափանել երեք առաջնորդների դեմ կազմակերպված մահափորձը: Գևորգ Վարդանյանը ծնվել է 1924 թ.-ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում և 6 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել Իրան:

Երիտասարդ Գևորգն իր ճակատագիրը կապեց խորհրդային հետախուզական ծառայությունների հետ ընդամենը 16 տարեկան հասակում`1940 թ.-ին, երբ կատարելով հետախուզության հանձնարարությունը սկսեց հայտնաբերել Թեհրանում ֆաշիստական լրտեսներին և գերմանական հետախուզական ծառայության գործակալներին:

Վարդանյանը նաև երկարատև անլեգալ հետախույզի աշխատանք է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում, որտեղ Ամիրին հետևում էր նրա կինը` Գոհար Վարդանյանը, ով նույնպես հետախուզության աշխատակից էր:

Վարդանյան ամուսնական զույգի հետախուզական գործունեությունը տևել է 30 տարի: Զույգի գործունեության հիմնական մասը շարունակում է մնալ գերգաղտնի և հրապարակման ոչ ենթակա:

Գևորգ Վարդանյանը շարունակել է ծառայել արտաքին հետախուզության համակարգում մինչև 1992 թ.-ը: Նրան շնորհվել է ԽՍՀՄ հերոսի կոչում, բացի այդ, Վարդանյանը պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և պատվոգրերով:

2009 թ.-ի փետրվարի 14-ի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Պետական անվտանգության մարմինների վաստակաշատ սպա, Խորհրդային Միության հերոս Գևորգ Անդրեյի Վարդանյանը պարգևատրել է Պատվո շքանշանով:

Արտաքին հետախուզության գնդապետ Վարդանյանը հեռացավ կյանքից 2002 թ.-ի հունվարի 10-ին: 

Հայերը խորհրդային ատոմային ռումբի ստեղծման ակունքներում

Երկրորդ աշխարհամարտի ամենաթեժ պահին` 1943 թ.-ին, ԱՄՆ կառավարությունը որոշում կայացրեց սկսել ատոմային զենքի ստեղծման աշխատանքները, որոնք կրում էին խիստ գաղտնի բնույթ և ատոմային ռումբի ստեղծման գործողությանը ամերիկացիները տվեցին Մանհետենյան նախագիծ անվանումը:

Խորհրդային արտաքին հետախուզությունը տեղեկանալով ամերիկացիների ատոմային զենքի ստեղծման աշխատանքների մասին, տեղեկատվությունը հայտնում է Իոսիֆ Ստալինին, ով 1943 թ.-ի փետրվարին որոշում է կայացնում ստեղծել Թիվ 2 լաբորատորիան, որի ղեկավար է նշանակվում ակադեմիկոս Իգոր Կուրչատովը:

Գաղտնի լաբորատորիան պետք է զբաղվեր խորհրդային ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներով:

Ամերիկացիներից ատոմային ռումբի մասին գերգաղտնի տեղեկություններ ստանալու և խորհրդային ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները արագացնելու համար հետախուզությունը ծրագրում և իրականացնում է «Էնորմոզ» գաղտնի գործողությունը, որը նպատակ ուներ գործակալներ ներդնել ամերիկյան գիտահետազոտական և արդյունաբերական կենտրոններում` Մանհետենյան նախագծի մասին տեղեկությունները Մոսկվա ուղարկելու համար:

Տվյալ գործողությանը մասնակցել է մի քանի հետախույզ, որոնց թվում հետախուզության պետ Պ. Ֆիտինը, նրա տեղակալ Հայկ Հովակիմյանը և ևս մի քանի գործակալ` ռեզիդենտ:

Խորհրդային ատոմային ռումբի ստեղծման ակունքներում կանգնած հանրահայտ հետախույզ Հայկ Հովակիմյանը ծնվել է 1898 թ.-ի օգոստոսի 11-ն ` Ջաղրի գյուղում:

Հովակիմյանը ուսում է ստացել Մոսկվայի Ն. Բաումանի անվան համալսարանում, այնուհետև թեկնածուական թեզ է պաշտպանել Մոսկվայի քիմիկո-տեխնոլոգիական համալասարանում:

Վերջինս գերազանցությամբ տիրապետում էր անգլերենի և գերմաներենի:

«Էնորմոզ» օպերացիայի համահեղինակ Հայկ Հովակիմյանը գաղտնի տեղեկություններ ստանալով ամերիկյան գիտահետազոտական կենտրոններից դրանք ուղարկում էր Մոսկվա, ինչը թույլ տվեց ԽՍՀՄ-ին կարճ ժամանակահատվածում ստեղծել իր սեփական ատոմային ռումբը:

Իր հետախուզական ծառայության 15 տարիների ընթացքում նա արտասահմանից հայրենիք տեղափոխեց 31.000 գաղտնի փաստաթղթեր միայն պաշտպանության մասին, 1055 հատուկ կարևորության մեքենաների և սարքավորումների գծագրեր, 163 օբյեկտների հատակագծր և այլն:

Հանրահայտ հետախույզը 1941-1947 թթ. զբաղեցնում էր ԽՍՀՄ-ի Ազգային անվտանգության գլխավոր պաշտոնները` աշխատելով որպես արտաքին հետախուզության պետի տեղակալ: Հ. Հովակիմյանը կյանքից հեռացավ 1967 թ.-ին` հողին է հանձնվել Մոսկվայի հայկական գերեզմանատանը: 

ԽՍՀՄ-ի արտաքին հետախուզության լեգենդ Հովհաննես Աղայանց

Հետախուզության հանճարների եռյակը եզրափակում է անվտանգության և հետախուզության ծառայություններում բարձր պաշտոններ զբաղեցրած Հովհաննես Աղայանցը:

Իվան (Հովհաննես) Աղայանցը ծնվել է 1911 թ.-ի օգոստոսի 28-ին Գանձակում (Կիրովաբադ), ուսուցչի ընտանիքում։

Արդեն չափահաս, Աղայանցը ազատ հաղորդակցվում էր ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն, թուրքերեն, բավականին լավ գիտեր նաև անգլերեն ու իտալերեն։

Եղբայրների հորդորով Հովհաննեսը 1930 թ.-ին Մոսկվա մեկնեց ու աշխատանքի անցավ ՆԳԺԿ-ի տնտեսական վարչությունում, իսկ 6 տարի անց տեղափոխվեց արտաքին հետախուզության ծառայություն, գործուղվեց Ֆրանսիա, որտեղ Խորհրդային հետախուզությունում հաջողությամբ վաղուց աշխատում էր ավագ եղբայրը՝ Վլադիմիր Աղայանցը։

1940 թ.-ին ավարտվեց արդեն մեկընդմիշտ Իվան կնքված Հովհաննես Աղայանցի գործուղումը, նա Մոսկվա վերադարձավ և նշանակվեց ԽՍՀՄ ՊԱԿ-ի արտաքին հետախուզության բաժիններից մեկի պետ։

1941 թ. օգոստոսին որպես ռեզիդենտ գործուղվում է Իրան: 1943 թ. Թեհրանի կոնֆերանսի ժամանակ Աղայանցին և նրա աշխատակիցներին հաջողվում է կանխել Օտտո Սկորցենիի պլանավորած՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների դեմ ուղղված ահաբեկչությունը: Պատերազմն ավարտվելուց հետո Իվան Աղայանցը վերադարձավ Մոսկվա, մի շարք պատասխանատու պաշտոններ վարեց ԽՍՀՄ ՊԱԿ-ում, ԱԳՆ-ում, 1965 թ.-ին արժանացավ ԽՍՀՄ ՊԱԿ-ի գեներալ-մայորի կոչման, ներկայացվեց ԽՍՀՄ հերոսի կոչման։ 1968 թ.-ի հանկարծահաս մահը նշանավոր հայորդու հետագա բոլոր ծրագրերը կիսատ թողեց: 

Արտյոմ Բալասանով

Placeholder
Հայ հետախույզներ. Թեհրան-43-ից մինչև ԽՍՀՄ-ի ատոմային ռումբը