Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժառանգություն»-ը շարունակում է լռել, թեև վերջին ներեռյակային զարգացումների ֆոնին թե' ԲՀԿ-ն, թե' ՀԱԿ-ը արդեն հասցրել են հստակեցնել իրենց վերաբերմունքը որոշ դրվագներով: Խոսքը ԲՀԿ քաղխորդի կայացրած որոշման մասին է, որը շատերը որակեցին իբրև ինքնուրույն կայացված ու ըստ այդմ` մյուսներին պարտադրված որոշում:
Ու թեև ՀԱԿ-ը մինչ օրս աչքի էր ընկնում ԲՀԿ-ի ակտիվ ու անդավաճան գործընկերոջ ամպլուայի մեջ, այդ որոշումը որոշ շեշտադրումներ փոխեց երկուսի փոխհարաբերություններում: Արդյունքում էլ եղավ այն, ինչ տեսանք` ՀԱԿ-ը մեղմորեն նախազգուշացրեց ԲՀԿ-ին, որ դանդաղ շտապելը կարող է ճակատագրական սխալների բերել, իսկ ԲՀԿ-ն էլ, նույնքան մեղմորեն, ՀԱԿ-ին ցույց տվեց իր տեղը. ուզում ես ինքնուրույն գործել` գործիր, դա քո իրավունքն է: Ասել է թե` մենք ինքներս ենք որոշում որն է ճիշտ, որը սխալ:
Այդ ֆոնին նախօրեին կայացած եռյակի նիստը, որը տևեց բավականին երկար, բայց այդպես էլ ոչ մի արդյունք չտվեց` ոչ հանրահավաքի օր հայտարարվեց, ոչ ճանապարհային քարտեզ ու մնացածը, միտված էր ընդամենը մեկ հարց լուծելու` ցույց տալու, որ համաժողովրդական շարժումը առաջնորդող ուժերի միջև դեռ հնարավոր են շփման եզրեր, նրանք այդքան էլ միմյանցից նեղացած չեն ու կարող են դեռ շարունակել ժողովրդին առաջնորդել դեպի հաղթական արմատական փոփոխություններ.... Մի խոսքով` բառակույտ, որը որևէ գործողություն գոնե այս պահին չի ենթադրում ու դրա հույս էլ, մեղմ ասած, չի թողնում:
Ի վերջո, մեր իրականության մեջ եթե մամուլը գրում է, որ ներքին խռովվածությունը ի հայտ է եկել ԲՀԿ-ի որոշումից, որ մինչև փետրվար հանրահավաքներ անցկացնելը նպատակահարմար չի, ուրեմն մի բան կա: Իսկ որքան հայտնի է` «ով վճարում է, նա էլ պատվիրում է» սկզբունքը դեռ չի կորցրել իր ակտուալությունը` համենայնդեպս հայաստանյան քաղաքական դաշտում:
Եվ այս ամենում «Ժառանգության» լռությունը, որն ըստ կուսակցությունից հնչող մեկնաբանությունների պայմանավորված է քննարկումների փուլով ավելի քան ուշագրավ է: Ընդհանրապես Րաֆֆի Հովհաննիսյանի մնալը եռյակի ձևաչափում հարցականներով էր պատված, որոնք ամեն անգամ ավելի էին շատանում, երբ հանրահավաքում ի ցույց էր դրվում Գագիկ Ծառուկյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը դեպ իր անձը ու նաև իր անձի շփոթմունքը, երբ եռյակի առաջնորդները ակնհայտ չէին կարողանում իրար հասկանալ: Եվ ահա հիմա թերևս ամենահարմար պահն է, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ որոշում կայացնի` եռյակից հեռանալու մասով, քանի որ այսպիսով նա գոնե թվացյալ ոչ պարտվողի դերում կմնա:
Ի վերջո, իր առաքելությունը` լինել միասնական ճամբարում, որին նա կոչ էր անում դեռ տարիներ առաջ, իրականացվեց, քանի որ եթե այս միասնական ճամբարում նա չլիներ, ապա մեղադրանքներն ու քննադատություններն իր հասցեին ավելի շատ կլինեին, քան այն պարզ ճշմարտության արծարծումը, որ այս երեքին գրեթե ոչինչ չի կապում` գաղափարական իմաստով: Եվ եթե նա հիմա հեռանա, ապա դա նաև հիմնավորված կլինի այն անհասկանալի վիճակով, որը տիրում է եռյակում, երբ մարդկանց հույսերը եռացրին խոստումների կրակի վրա ու այդպես էլ թողեցին առանց կիրառման:
Բայց Րաֆֆին դեռ լռում է...