Ադրբեջանում չեն հավատում իշխանությունների` երկրի դրոշի նկատմամբ ունեցած հարգանքին
Քաղաքական
20:26 11/11/2014

Ադրբեջանում չեն հավատում իշխանությունների` երկրի դրոշի նկատմամբ ունեցած հարգանքին

Ադրբեջանում պետական դրոշի օրվա կապակցությամբ իշխանության ներկայացուցիչները շնորհավորել են ժողովրդին ու դրոշի նկատմամբ հարգանքի ու սիրո խոսքեր հնչեցրել: Ադրբեջանական «Մոդերատոր.ազ» կայքն այս առնչությամբ հարցադրում է առաջ քաշել` Ադրբեջանում` արդյոք ով է հավատում իշխանությունների`դրոշի նկատմամբ ունեցած հարգանքին:

Հարցադրմանն արձագանքել է Ադրբեջանում ճանաչված հասարակական քաղաքական գործիչ Ագիլ Սամեդբեյլին` շեշտելով, թե դրոշն իսկապես ու անկեղծորեն սիրող մարդիկ այն չեն կախում գլխավերևում և նրա ներքո գողությամբ զբաղվում, «չեն թալանում պետության ու ազգի հարստությունը»: «Գլխավոր, խոշոր գողերը պարգևատրվում են, իսկ փոքր ու անտեր գողերը` պատժվում: Այժմ Ադրբեջանը բերվել է այնպիսի վիճակի, որ մարդկանց, ովքեր ազնիվ են ու գող չեն, նայում են որպես անհաջողակի»,- ասել է Սամեդբեյլին:

Հիշեցնենք, որ ադրբեջանական դրոշի հետ կապված մի շարք զավեշտալի պատմություններ են հայտնի ԶԼՄ-ներից: Այսպես, 2014-ի փետրվարին Ադրբեջանի Շաբրանի շրջանի մուտքի մոտ գլխավոր դրոշը գլխիվայր էր կախած եղել: Ավելի վաղ` 2012-ի հունիսին, ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում ցուցադրել են Ադրբեջանի դրոշը` կրկին գլխիվայր վիճակում, և այդ պահին եթերում եղել է Ադրբեջանում իր մոլի հայրենասիրությամբ հայտնի պատգամավոր Գանիրա Փաշաևան: 2012-ի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպմանը Մյունխենում Ալիևի հետևում երևացող դրոշը պատկանում էր անհայտ երկրին` կազմված լինելով կապույտից, կարմրից ու բաց երկնագույն երիզներից: Իսկ ահա 2011-ի հունիսին Ալիևի ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուելի հանդիպմանն Ադրբեջանի դրոշի գույների հերթականությունը խախտված էր:

Հավելենք նաև, որ բացի այս ամենից, ադրբեջանական մամուլը բազմիցս է գրել Բաքվում պատառոտված դրոշների առկայության մասին: 2010-ի սեպտեմբերին կայացել էր Բաքվում Դրոշի հրապարակի պաշտոնական արարողությունը, ինչի համար երկրի պետբյուջեից 35 մլն ԱՄՆ դոլար էր ծախսվել, սակայն նախագծողները հաշվի չէին առել այն հանգամանքը, որ այդ հատվածում ուժեղ քամիներ են լինում, ինչի պատճառով էլ հսկայական դրոշը տեղադրելուց հետո այն առնվազն 7 անգամ պատռվել է:

Նախորդիվ`
Ադրբեջանի պետական դրոշը կրկին պատառոտվել է. փոխում են հինգերորդ անգամ
Ադրբեջանի ամենամեծ դրոշը կրկին պատառոտվել է

Placeholder
Ադրբեջանում չեն հավատում իշխանությունների` երկրի դրոշի նկատմամբ ունեցած հարգանքին