Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պիպոյանը՝ սննդամթերքի շուկայի ստուգումների մասին. Հիմա, բացի աղոթելուց ուրիշ ի՞նչ է մնում
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն օրեր առաջ հայտարարեց, որ հոկտեմբերի 9-ի արտադրության «Էլնոր» կարագը վտանգավոր է, այն պետք է իրացման կետերից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել: Ծառայությունը ընկերությանը ժամանակ է տրամադրել՝ մինչև հաջորդ տարվա մարտի 5-ը կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները: Հայտարարության մեջ որևէ բառ չկա այն մասին, թե ինչ պետք է անի սպառողը, որը գնել է այդ օրվա արտադրած կարագը: Չկա խոսք այն մասին, թե չախտահանված սարքավորումով հաջորդ մի քանի օրերին արտադրած կարգը ևս վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Խանութներում «Արմենիա» հեռուստաընկերության գործընկերները հայտնաբերել են հոկտեմբերի 11-ին և 14-ին արտադրված «Էլնոր» կարագ: Ստացվում է, որ «Էլնոր» կարագ արտադրվել է նաև ստուգումից՝ հոկտեմբերի 9-ից հետո չախտահանված սարքավորումներով: Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:
-Ծառայությունը հաճախ է հայտարարում տարբեր ոլորտներում ստուգումների իրականացման մասին, սակայն դրանից խախտումները չեն նվազում: Ի՞նչու:
-Խնդիրն այն է, որ ստուգումն անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ սննդամթերքի անվտանգության ապահովման գործում: Բազմիցս եղել է, որ թե ՀԿ-ները, թե լրագրողները որևէ ստուգումից հետո իրականացրել են շրջայց երևանյան խանութներում, էլ չեմ քննարկում հեռավոր մարզերը, և տեսել են, նույն մթերքը, որի մասով եղել էր հայտարարություն, այդ խախտումով արտադրված մթերքը շարունակում է մնալ շուկայում: Օրինակ վերջին դեպքը, «Էլնոր» կարագի հետ կապված: Հարկավոր է ոչ միայն ստուգում, այլ կամքի դրսևորում, հետևողականություն, որպեսզի խախտումները ոչ միայն արձանագրվեն, այլև վերացվեն: «Ստուգումների մասին» օրենքն էլ սահմանում է, որ ստուգումից հետո առաջիկա ժամանակահատվածում այլևս խնդիր չի լինելու: Այս մոդելի կիրառումը հնարավոր է, եթե մոտեցումը պրոֆեսիոնալ է:
-Փաստորեն վերահսկողության բացակայություն է:
-Հարցը միայն բացակայությունը չի, ինչպե՞ս որակել այդ հայտարարությունը, եթե ոչ պոպուլիստական: Կա հայտարարություն, հայտնաբերվել է խախտում, տրվել է հանձնարարական խախտումը վերացնելու, բայց այն պետք է կոչ ունենա, հիմա մենք՝ սպառողներս, սպառողների պաշտպաններս, ի՞նչ անենք: Այս հայտարարությունից ի՞նչ անենք: Ասում են, պետք է հայտարարել սանիտարական օր, սարքավորումն ախտահանել, դա նշանակում է՝ այդ արտադրությունում կան սանիտարական խնդիրներ: Եթե ստուգել են ամսի 9-ի արտադրանքը, ապա գոնե պետք է տեղեկատվություն տալ, թե ինչպես վարվենք ամսի 6-ի արտադրանքի հետ՝ ուտե՞նք, թափե՞նք: Սպառողին ձեր հորդորը ո՞րն է:
-Ուրեմն ի՞նչ խնդիր է դրել ծառայությունն իր առջև:
-Ստացվում է, որ վերահսկողն իր առջև դրել է մի խնդիր, ոչ թե ոլորտը կարգավորել, այլ ցույց տալ, որ գործ է անում: Եթե վաղը հանկարծ ասեն, գործ չեք արել, կասի, տեսեք քանի հատ ստուգում ենք իրականացրել: Բայց ստուգումով չի, տուգանքով չի: Մուրճի և մահակի մեթոդաբանությունից աշխարհը վաղուց անցել է: Երբ մենք չենք կարողանում անվտանգությունն ապահովել, ասում ենք, գործիք չունենք: Այսօր արդեն բոլոր գործիքները կան: Վերջին երեք տարիներին օրենսդրությունը փոփոխության ենթարկվեց, այդ լծակները տրվեցին: Այսօր ծառայությունն ունի դիտարկման իրավասություն, որը բացի տուգանքից, ամեն ինչ նախատեսում է: Այսինք կարող են ստուգել, ոչնչացնել, հետևողական լինել: Նման ստուգումների համար տնտեսվարողը պետք է ամեն ժամ շնորհակալություն հայտնի ծառայությանը, հիմա այն տնտեսվարողի շահերի պաշտպա՞ն է, թե սննդամթերքի անվտանգության ապահովման կառույց:
-Այսինքն ստուգումներն անարդյունավե՞տ են:
-Իհարկե, մի օրինակ բերեմ, «20 կոպեկ» պաղպաղակի պատմությունը կհիշեք, մինչև վերջ այն վաճառվեց սխալ մակնշմամբ: Ստուգումից, այդքան աղմուկից հետո, որ արտադրանքի մակնշումը սխալ է, ոչինչ չփոխվեց: Այսինքն, կարելի էր հանգիստ ստուգում չանել: Բացի աղմուկից ոչ մի բան էլ չեղավ:
-Ծառայության նոր պետի նշանակումով ոչինչ չի՞ փոխվել:
-Այն, ինչ որ կար, հիմա էլ նույն խնդիրներն են ու լուծում չեն ստանում: «Էլնոր»-ի դեպքը դա ցույց տվեց: Մեթոդաբանություն չկա, դա արդեն պրոֆեսիոնալիզմի պակաս է: Բայց այս պարագայում էլ պրոֆեսիոնալիզմի հարց չկա, շուկայից հանելու կարգադրագիր են տվել, պետք է գնալ ու տեսնել, պահանջը կատարվո՞ւմ է, թե՞ չէ: Եթե ստուգման արդյունքում, խնդիր չի վերացվում, գնալու իմաստը ո՞րն է:
-Ծառայությունն ունի՞ այդքան ռեսուրսներ:
-Իհարկե, ունի: Եթե ՀԿ-ն ու լրագրողը ռեսուրս ունեն, հասկանալու իրենց հանձնարարականը կատարվել է, պետությունը, որը ահռելի աշխատավարձ է վճարում այդ կառույցին, ահռելի աշխատակազմ ունի, այդ մարմինը ռեսուրս չունի՞: Այստեղ երկու խնդիր կա, երբեմն պրոֆեսիոնալիզմի պակաս ու կամքի բացակայություն:
-Ձեր իսկ բառերով, պրոֆեսիոնալիզմի, կամքի բացակայության պայմաններում ի՞նչ պետք է անի սպառողը:
-Սպառողը պետք է հույսը դնի իր վրա, ապա միասնական կերպով համախմբվեն ու փորձեն անել այն, ինչ չի անում պետությունը:
-Իսկ կոնկրետ կարագի դեպքում:
-Այս դեպքում պետք է հրաժարվենք դրանից, մինչև պատշաճ տեղեկատվություն չտրամադրվի ոչ թե արտադրողի, այլ պետական մարմնի կողմից: Քանի դեռ սարքավորումն ախտահանված չէ, կարագը ռիսկային է: Կոչ եմ անում, այդ մինչև ախտահանություն իրականացված արտադրված կարագը չգնել, շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Պատրաստ եմ տնտեսվարողին պատասխան տալ դատարանում, գոնե մի անգամ դատավորները առիթ կունենան գործ ունենալ այս ոլորտում պրոֆեսիոնալ մոտեցման հետ: Մենք այս պահին հստակ չգիտենք, այդ ժամկետը ինչի՞ համար են տվել, ապրանքը շարունակում է իրացման ցանցում մնալ, ռիսկերի վերլուծության կետը ևս պահպանված չէ, օրենքով ամրագրված կետերից որևէ մեկը պահված չէ, բա հիմա, բացի աղոթելուց ուրիշ ի՞նչ է մնում: