Երևանում կայանալու է Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը
Կրթություն, գիտություն
10:29 24/11/2014

Երևանում կայանալու է Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը

Նոյեմբերի 24-26-ը Ռումինիայի ազգային կրթության նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Բուխարեստ` մասնակցելու «Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին:  Այս մասին հայտնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից:

Պատվիրակության կազմում են` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, Երևանի Մ խիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի տեղակալ Սամվել Ավետիսյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտորի տեղակալ Ռուբեն Մարկոսյանը:

Համաժողովին Հայաստանը մասնակցելու է որպես համակազմակերպող երկիր: Միջոցառմանը քննարկվելու են 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր:

Համաժողովի ընթացում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա զեկույցով` Բոլոնյան գործընթացի համատեքստում մեր երկրի բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ընթացքի, ինչպես նաև Եվրոպական Բարձրագույն կրթական տարածքի ապագայի վերաբերյալ:

Համաժողովին կմասնակցեն Բոլոնյան գործընթացի անդամ երկրների կրթության նախարարներ, ոլորտի քաղաքականության մշակողներ և հետազոտողներ:

Placeholder
Երևանում կայանալու է Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը