Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանը պատմության մեջ կմտնի որպես բռնաճնշումների աննախադեպ արշավ իրականացրած երկիր. ԵԽ հանձնակատար
«Որպես մարդու իրավունքների գծով եվրակոմիսար երկուսուկես տարվա աշխատանքի ընթացքում իմ ամենաբարդ առաքելությունը դարձավ 2014-ի հոկտեմբերին Ադրբեջան այցելությունը: Հոկտեմբերի վերջին ես Ադրբեջանում էի, երբ այն դեռ նոր էր ավարտել ԵԽ Նախարարների կոմիտեում իր նախագահությունը: Ադրբեջանը պատմության մեջ կմտնի որպես մի երկիր, որը բռնաճնշումների աննախադեպ արշավ է կազմակերպել իրավապաշտպանների դեմ իր նախագահության ժամանակահատվածում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը:
«Ինձ ծանոթ իրավապաշտպաններից շատերն Ադրբեջանի բանտերում են: Ծանր էր Լեյլա Յունուսին այցելելը քննչական մեկուսախցում դատավարությանը նախորդող ժամանակավոր ազատազրկման ընթացքում: Նա լալիս էր մեր ողջ մեկուկեսժամյա հանդիպմանը»,-գրում է նա:
Մույժնիեկսը նաև նշում է, որ Լեյլա Յունուսը` Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրենը, հայտնի իրավապաշտպան է, Եվրախորհրդարանի` Սախարովի անվան հեղինակավոր մրցանակի թեկնածուներից մեկն այս տարի:
Նա գրել է, որ Յունուսը տառապում է շաքարախտով ու հեպատիտով, հնարավորություն չունի տեսնվել ամուսնու` Արիֆ Յունուսի հետ, որը ևս ժամանակավոր կալանքի տակ է` չնայած որ ձերբակալությունից առաջ ուղեղի կաթված է տարել: Նրանց երկուսին էլ պետական դավաճանության համար մեղադրանք է ներկայացվել: Մույժնիեկսը նշում է, որ Լեյլա Յունուսը կազմել է երկրում քաղբանտարկյալների ցուցակ: Նրա խոսքերով` Ադրբեջանից իր մեկնելու օրը Յունուսի ձերբակալությունը երկարաձգել են ևս 4 ամսով:
«Ծանր հանդիպումներից էր նաև իրավաբան, «Իրավական լուսավորման ընկերության» ղեկավար Ինթիգամ Ալիևի հետ տեսակցությունը, որը ևս նախնական կալանքի տակ է: Նրա ձերբակալության ժամկետն էլ են երկարաձգել 3 ամսով իմ մեկնելու օրը: Դատավճռի հայտարարման ժամանակ Ինթիգամը կորցրել է գիտակցությունը»,- գրում է հանձնակատարը:
Նիլս Մույժնիեկսը նաև հիշատակել է, որ հանդիպել է Ընտրությունների մշտադիտարկման ու ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիին, որը 2014-ին դարձել է Վացլավ Գավելի անվան` իրավապաշտաններին տրվող մրցանակի դափնեկիր: Մամեդլին դատապարտվել է 5,5 տարի ազատազրկման:
Մույժնիեկսը հանդիպում է ունեցել նաև Ռասուլ Ջաֆարովի հետ, որը գլխավորում էր «Մարդու իրավունքների ակումբ» ՀԿ-ն: Նա նշել է, որ Ջաֆարովի նախնական կալանքի ժամկետը երկարաձգել են 3 ամսով:
«Այն ժամանակ, երբ իմ գործընկերների մեծ մասը բանտերում է, մյուսները հարկադրված են եղել կասեցնել իրավապաշտպանի իրենց գործունեությունը, լքել երկիրը կամ թաքնվել»,- գրում է Մույժնիեկսը:
Նա նաև նկատել է, որ հանդիպել է Լրագրողների ազատության ու անվտանգության կենտրոնի տնօրեն Էմին Հուսեյնովի հետ:
«Ես այցելել եմ նրան: Չնայած իր երիտասարդ տարիքին` նա բարձր ճնշում ունի և ողնաշարի` վաղուց ստացած վնասվածք: Դա ցույցերի ընթացքում ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու հետևանք է»,- գրում է հանձնակատարը:
Նրա խոսքերով` նմանատիպ գործողությունները խոչընդոտում են Եվրոպայի խորհրդի համագործակցությանն Ադրբեջանի հետ: Նա շեշտել է, որ այդ բռնաճնշումները պետք է անհապաղ դադարեցվեն:
Նյութեր թեմայի շուրջ`
ԵԽ նախարարների կոմիտեում նախագահելիս Ադրբեջանի իշխանությունը միայն հարված է հասցրել երկրի հեղինակությանը. «Ազադլիգ»
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են ԵԽ գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի վրա չազդելու համար
Ադրբեջանցի ակտիվիստները ԵԽԽՎ-ից պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ