Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ռուսական ռուբլու արժեզրկումը, բնականաբար, էական ազդեցություն կունենա հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման վրա, սակայն կարծում եմ, որ հատկապես կոնյակագործները այս դեպքում ավելի քիչ կորուստներ կունենան»: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` հավելելով, որ կոնյակը բավականին թանկ արժե, ուստի դոլարային տատանումը արտահանմանը շատ մեծ վնասներ չի պատճառի:
Նա նշեց, որ ՌԴ-ում դոլարի արժեզրկումը բերեց նրան, որ այն սուբյեկտները, որոնք իրենց արտադրանքը արտահանում էին ռուբլով, հիմա չեն ցանկանում վաճառել, իսկ այն սուբյեկտները, որոնք դոլարով էին վաճառում, չեն կարողանում գումար ստանալ:
Սակայն Վ.Սաֆարյանը գտնում է, որ այս հանգամանքը չպետք է խանգարի տնտեսվարողներին, և նրանք պետք է շարունակեն արտահանել իրենց արտադրանքը:
«Հարց է առաջանում` եթե Ռուսաստան չուղարկեն, ապա էլ որտե՞ղ պետք է արտահանեն: Բնական է, որ ավելի քիչ շահույթ կունենան, շուկայում միշտ էլ տատանումներ լինում են: Ռուսաստանում էլ այդ վիճակն է. երբ նավթի գինը բարձր էր, մեծ շահույթ ունեին, իսկ երբ նվազեց` վնասներ ունեցան: Նույնը արտահանման դեպքում է. եթե ռուսական շուկայում ռուբլին ամուր է, ուրեմն շահույթն էլ է մեծ, ռուբլին թուլանում է, այդ դեպքում վնասներն են մեծ լինում»,- ասաց Վ.Սաֆարյանը:
Անդրադառնալով կոնյակի արտահանմանը, նա նշեց, որ ռուսական շուկայում տարեկան իրացվում է 11-12 մլն լիտր հայկական կոնյակ. «Հիմա որտեղից պետք է այլ շուկա գտնենք, որ այդքան կոնյակ իրացնենք»:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, ռուբլու արժեզրկման պատճառով Ռուսաստան արտահանվող ապրանքների ծավալները նվազել են 6-7 տոկոսով: Խոսքը վերաբերում է բոլոր ապրանքներին:
Այդուհանդերձ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը տնում է, որ որքան էլ արտահանողները քիչ շահույթ ունենան, չի կարելի արտահանումը կասեցնել:
«Պետք է հաշտվել քիչ շահույթի հետ, բայց շուկան պահպանել: Հետագայում Ռուսաստանի շուկան կկայունանա, դոլարի կուրսը կկայունանա, նավթի գները կբարձրանան, բայց եթե հիմա շուկան կորցնենք, հետո դժվար կլինի այն նորից վերականգնել: Դրա համար ամեն ինչ պետք է անել, որպեսզի ռուսական շուկան չկորցնենք»,- ընդգծեց նա:
Հարցին, թե ՀՀ կառավարությունը ի ՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի տնտեսական այս վիճակից դուրս գալու համար, Վ.Սաֆարյանն ասաց, որ եթե Կառավարությունը միջոցներ ունենար, կարող էր այդ կորուստները փոխհատուցել, բայց, ցավոք սրտի, Կառավարությունն այդքան միջոցներ չունի:
«Քանի որ ֆորս-մաժորային իրավիճակ է ստեղծվել, կոնյակի գինը երևի պետք է ռուսական շուկայում բարձրացնել, պայմանագրերը վերանայեն: Ռուսական ռուբլին 30-40 տոկոս արժեզրկվել է և այս փաստը պետք է պայմանագրերում նշվի»,- ասաց Վ.Սաֆարյանը:
Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը նշեց, որ հունվարից հայ գործարարները հնարավորություն կունենան առանց մաքսատուրք վճարելու ապրանքները արտահանել ԵՏՄ երկրներ:
«Այսինքն` ԵՏՄ-ին անդամակցությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում Հայաստանի համար»,- նշեց նա: