Աշխարհաքաղաքական հակադիր շահերը կազդեն ռուս-թուրքական մերձեցման վրա
Քաղաքական
18:27 26/11/2014

Աշխարհաքաղաքական հակադիր շահերը կազդեն ռուս-թուրքական մերձեցման վրա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կայցելի Թուրքիա և կմասնակցի Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստին: Նախատեսվում է նաև երկկողմ հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կքննարվի ռուս-թուրքական համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Ռուս-թուրքական տնտեսական համագործակցությունը

Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը 2013թ.-ին 2012թ.-ի համեմատ նվազել է 3.8%-ով՝ կազմելով 32 միլիարդ դոլար: Ներկրումը Ռուսաստանից նվազել է 5.9%-ով, իսկ արտահանումը Թուրքիայից դեպի Ռուսաստան ավելացել 4.3%-ով: Թուրքիայի առևտրային գործընկերների շարքում Ռուսաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Գերմանիային: Թուրքիան Ռուսաստանից ներկրում է հիմնականում էներգակիրներ և մետաղական արտադրանք, իսկ արտահանում մեքենաներ և սարքավորումներ, ինչպես նաև տեքստիլ արտադրություն: Ռուսաստանը հետագայում նախատեսում է ավելացնել բարձր տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա, այդ թվում սարքավորումների տեսքով, որոնք տեղադրվելու են Ռուսաստանի կողմից կառուցվող թուրքական Ակկույու ատոմակայանում: 

Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդիմը այսօր հայտարարել է, որ Անկարան նպատակ ունի զգալիորեն ավելացնել ռուսական գազի ներկրման ծավալները: Այս պահի դրությամբ Թուրքիան ռուսական գազի օգտագործման ծավալներով երկրորդ տեղն է զբաղեցնում Գերմանիայից հետո: Յարդիմը նշել է, որ նրանք պատրաստվում են ընդլայնել կապերը Ռուսաստանի հետ նաև այլ ոլորտներում, մասնավորապես շինարարական: 

2013թ.-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստին Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են մինչև 2020թ.-ը երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի: Այս պահին ռուսական ներդրումները Թուրքիայում կազմում են 1.57 միլիարդ դոլար, իսկ թուրքական ներդրումները Ռուսաստանում՝ 740 միլիոն դոլար: Երկրների միջև ակտիվորեն զարգանում է նաև զբոսաշրջային ոլորտը: 2013թ.-ի դրությամբ Թուրքիան է այցելել 4.3 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ, իսկ 2014թ.-ին նախատեսվում է զբոսաշրջիկների թվի աճ 10-15%-ով:


Անկարան և Մոսկվան աշխարհաքաղաքական մրցակիցներ

Դարեր շարունակ Օսմանյան և Ռուսական կայսրությունները հակամարտել են միմյանց դեմ Բալկանների, Կովկասի և Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներին տիրելու համար և համարվել են ավանդական աշխարհաքաղաքական մրցակիցներ: Թուրքիան միշտ էլ պանթուրքական և պանթուրանական քաղաքականությունից ելնելով ցանկացել է մեծացնել իր ազդեցությունը Ռուսաստանի Հյուսիսային Կովկասում, Թաթարստանի և այլ տարածաշրջանների նկատմամբ: Ավանդաբար ռուսական և թուրքական շահերը բախվել են նաև Կովկասում և Կենտրոնական Ասիայում:

Վերջինս Անկարան համարում է թյուրքական աշխարհի ամբաժանելի մաս: Թուրքիան մտահոգված է Ռուսաստանի ազդեցության մեծացմամբ Հարավային Կովկասում, ինչը տեղի ունեցավ Վրաստանում 5-օրյա պատերազմից հետո, երբ Ռուսաստանը իր ռազմակայանները տեղակայեց Աբխազիայում և Հարավային Օսիայում, ինչպես նաև ստանձնեց Հայաստանի անվտագնության և սահմանների պաշտպանության պարտավորություններ ու երկարաձգեց Գյումրու իր 102-րդ ռազմակայանի ներկայությունը Հայաստանում:

Թուրքիան նաև շատ ցավոտ արձագանքեց Ղրիմի թերակղզու Ռուսաստանին միանալու փաստին, քանի որ տեղի թաթարները համարվում են նրա դաշնակիցները և ազդեցության գործոնը այդ տարածաշրջանում: Թուրքիան չճանաչեց Ղրիմի միացումը Ռուսաստանին և հանդես եկավ Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանությամբ:

Թուրքիայի համար այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ղրիմի թաթարներին բացահայտ աջակցելու և ֆինանսավորելու ծրագրերը Մոսկվայի կողմից կդիտվեն որպես Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն, քանի որ Ղրիմը այսօր Ռուսաստանի դաշնային սուբյեկտ է: Չմոռանանք, որ Թուրքիան էներգետիկ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից՝ գազի առաքում, շուտով սկսվելու է նաև ատոմակայանների կառուցումը, իսկ ռուս զբոսաշրջիկները տասնյակ միլիոնավոր դոլարների եկամուտներ են բերում՝ այցելելով Թուրքիայի միջերկրածովյան հանգստավայրեր:

Անկարան փորձելու է օգտագործել Ղրիմի թաթարներին, որոնց թիվը թերակղզում հասնում է մոտավորապես 300.000-ի, որպես այսպես կոչված 5-րդ շարասյուն՝ թերակղզում անկայունության օջախ ստեղծելու համար, սակայն դա անելու են մեծ զգուշավորությամբ և հնարավոր է Կիևի իշխանությունների միջոցով: 

Անկարան ու Մոկվան նաև հակադիր դիրքորոշումներ ունեն սիրիական ճգնաժամի հարցում, որտեղ Թուրքիան բացահայտ հանդես է գալիս Մոսկվայի դաշնակիցը համարվող Բաշար Ասադի դեմ և իր տարածքն է տրամադրել Ասադի դեմ պայքարող տարբեր խմբավորումներին: Չմոռանանք, որ Թուրքիան հանդիսանում է նաև ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները այսօր կրում են «սառը պատերազմի» բնույթ:


Հայաստանը և ռուս-թուրքական մերձեցումը

Շատ հաճախ Հայաստանում ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը՝ պատմական հիշողությունից ելնելով դիտարկվում է որպես ի վնաս Հայաստանի, Հայաստանի դեմ արվող քայլ, մոռանալով այն մասին, որ Թուրքիան և Ռուսաստանը ինքնիշխան պետություններ են և կառուցում են երկկողմ հարաբերություններն իրենց տնտեսական և քաղաքական շահերից ելնելով:Երևանի համար կարևոր է, որ Հայաստանի համար կարևորագույն հարցերում՝ հայ-թուրքական սահմանի բացում, Հայոց ցեղասպանության ճանաչում(Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է այդ փաստը) և ղարաբաղյան հարցում Ռուսաստանը չկատարի այնպիսի քայլեր՝ այդ թվում Թուրքիայի հետ մերձենալու համար, որոնք կվնասեն այդ խնդիրներին:

Հայաստանը հանդիսանալով Ռուսաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում, անդամակցելով ՀԱՊԿ-ին և ունենալով իր տարածքում ռուսական ռազմակայան իր անվտանգության մի կարևոր բաղադրիչը՝ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների հսկողությունը վստահել է ռուս սահմանապահներին: 

Ռուսական սահմանապահների ներկայությունը այժմ էլ զսպող գործոն է Թուրքիայի համար և դա պետք է հաշվի առնել, քանի որ Ռուսաստանը հսկելով հայ-թուրքական սահմանը ՝ ելնելով իր ռազմավարական շահերից հսկում է նաև ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանը: Ռուսաստանը հանդիսանալով Մինսկի խմբի համանախագահող երկիր զբաղվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ և չպետք է մոռանալ, որ հենց Ռուսաստանը 1990-ականների սկզբին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան կամ ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին Հայաստանի համար երկրորդ ճակատի բացումը նաև արևմուտքում:

«Թե´ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, թե´ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը շատ բարդ են: Չեմ կարծում` ճիշտ կլիներ փոխկապակցել դրանք մեկ փաթեթում: Դա խոհեմ չէ ոչ մարտավարական, ոչ ռազմավարական տեսանկյունից»,- դեռևս 2010թ.-ին հայտարարել էր Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ռուսաստանը գիտակցում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ով իր տարածքում ունի ամերիկյան ռազմակայաններ չի կարող լինել Ռուսաստանի ռազմա-քաղաքական դաշնակիցը, քանի որ նրանք ունեն հակադիր շահեր սիրիական, Ղրիմի, Կովկասի ու Կենտրոկան Ասիայի նկատմամբ վերահսկողություն պահպանելու հարցերում: Ռուսաստանը և Թուրքիան կարող են լինել տնտեսական գործընկերներ, սակայն ոչ ռազմավարական դաշնակիցներ:


Արտյոմ Բալասանով, վերլուծաբան

 

Placeholder