Արզումանյան. 23 տարվա ընթացքում բազմից ականատես ենք եղել մեր բանակի պրոֆեսիոնալ աշխատանքին
Քաղաքական
14:16 27/11/2014

Արզումանյան. 23 տարվա ընթացքում բազմից ականատես ենք եղել մեր բանակի պրոֆեսիոնալ աշխատանքին

«Պաշտպանության նախարարությունն հրաշալի օպերացիա է արել: Իրենց պրոֆեսիոնալիզմը ևս մեկ անգամ ցույց տվեցին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ խոսելով ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամների տարհանման հատուկ գործողության մասին:

Նա նշեց, որ անընդունելի են այն բոլոր խոսակցությունները, կարծիքները, թե պետք է հայկական կողմը շուտ պատասխան տար կամ ինչպիսի պատասխան պետք է տար. «Վտանգավոր, անընդունելի գործելաոճ է: Պրոֆեսիոնալ է բանակը, ինքը պետք է որոշեր, երբ է պատրաստ, ինչպիսի պատասխան տա: 23 տարվա ընթացքում բազմից ականատես ենք եղել մեր բանակի պրոֆեսիոնալ աշխատանքին»:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, Ա. Արզումանյանն ասաց, որ հայկական կողմը կցանկանար, որ միջազգային հանրությունը դատապարտեր Ալիևին, Հաագայի դատարանի առաջ կանգնեցներ, բայց պետք է հասկանալ, որ միջազգային հանրության դարդն ու ցավը կողմերից մեկին պաշտպանելը չէ:

«Կարևորն անմիջապես արձագանքելն է, ուժի կիրառման դատապարտումը: Եթե ուշադիր կարդանք հայտարարությունների տեքստերը, ենթատեսքում հստակ երևում է, թե ում է ուղղված դժգոհությունը: Չեմ կարծում՝ ճիշտ կլիներ, որ միջնորդները կողմակալ լինեին: Այդ առումով բավականին խիստ ձևակերպումներ կային հայտարարություններում, որոնք մինչ այդ չէին եղել»,- հավելեց պատգամավորը:

Այս հարցում Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատանքի մասին էլ Ա. Արզումանյանն ասաց, որ որևէ խնդիր չի տեսնում. «Մենք չենք տիրապետում բոլոր մանրամասներին: Արտաքին գործերի նախարարությունը չի կարող միայն հրապարակավ գործել: Կուլիսների հետևում դիվանագետն ավելի շատ գործ է անում, քան հայտարարությունների միջոցով»:

Placeholder
Արզումանյան. 23 տարվա ընթացքում բազմից ականատես ենք եղել մեր բանակի պրոֆեսիոնալ աշխատանքին