Սուրեն Կարայան. Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին կապահովի կայուն տնտեսական աճ
Տնտեսություն
13:40 02/12/2014

Սուրեն Կարայան. Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին կապահովի կայուն տնտեսական աճ

«Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանքները արտահանելու ընթացքում տնտեսվարողը հայտարարություն է ներկայացնում, որտեղ նշում է իր հաշիվ-ապրանքագիրը, թե ինչ ապրանքներ է մատակարում ԵՏՄ-ի անդամ Ռուսաստան: Մեր մաքսային մարմինները զննում չեն իրականացնում, այլ ընդամենը ՀՀ-ի տարածքից դուրս գալուց կնքում են այդ բեռնատարը, որը Վրաստան մուտք գործելուց վրացական մաքսային ծառայությունները կարող են իրենց տարանցիկ կնիքները դնել բեռնատարի վրա»,-այսօր ՀՀ ԱԺ-ում անդրադառնալով ՀՀ-ից դեպի ԵՏՄ-ի շուկաներ հայկական ապրանքների արտահանման սխեմային ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Նա նշեց, որ մեքենան Վրաստանից շարունակում է ընթացքը և մտնելով ՌԴ տարածք տեղի մաքսայինները միայն պետք է տեսնեն, արդյոք ՀՀ-ի մաքսային ծառայության դրած կնիքը տեղում է, թե ոչ. «Եթե տեղում է, ապա մաքսային զննում Ռուսաստանում տեղի չի ունենում և բեռնատարը ուղևորվում է այն վայրը, որտեղ պետք է տեղափոխի բեռները»:

Սուրեն Կարայանը պատասխանելով Հրանտ Բագրատյանի հարցին, թե ինչ տնտեսական օգուտներ է ստանալու Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու պայմաններում նշեց, որ 2015թ.-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված է 4.1%-ոց տնտեսական աճ. «ԵՏՄ-ին անդամակցելու առաջին իսկ տարում, երբ Հայաստանը անդամակցի այդ կազմակերպությանը, մեր երկիրը հնարավորություն կունենա 1,5-2%-ոց ՀՆԱ-ի աճ ունենալ: ԵՏՄ-ին անդամակցելու և տնտեսական աճի արդյունքները մեզ համար շոշափելի կլինեն 2015 թ.-ի կեսերից և 2016թ.-ից»:

Հակադարձելով Հրանտ Բագրատյանին Կարայանը նշեց, որ իր նախորդ ելույթի ընթացքում ինքը չի ասել, որ ԵՏՄ-ը կայուն տնտեսական տարածք է. «Կայուն տնտեսական տարածքը ունի իր հստակ տնտեսագիտական սահմանումը: Ես ընդամենը ասել եմ, որ ՀՀ-ի համար հնարավորություն է ստեղծվում անդամակցելով ԵՏՄ-ին ունենալ կայուն տնտեսական աճ»:

Ս.Կարայանը հավելեց, որ ՀՀ-ի անդամակցումը ԵՏՄ-ին ներդրումներ ներգրավելու հնարավորություն է ստեղծում, իսկ Հայաստանը անդամակցելով ԵՏՄ-ին կունենան 170 միլիոնանոց սպառման շուկա:

Placeholder
Սուրեն Կարայան. Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին կապահովի կայուն տնտեսական աճ