Երբ Երևան քաղաքը հարմարեցված չէ քաղաքապետարանի մրցույթների հաղթողներին
Օրվա թեմա
13:16 02/12/2014

Երբ Երևան քաղաքը հարմարեցված չէ քաղաքապետարանի մրցույթների հաղթողներին

-Երեք օր է աղբը չեն թափել,-ասում է բնակիչը, նկատելով լուսանկարչին:

Երեկ նոր աղբամանների կողքը օրերով թափված աղբի բլրակների մասին հարցրել էինք քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին, ով պատասխանել էր. «Չգիտեմ, թափողը կիմանա, թե ինչու է այդ հատվածում թափել աղբը… Կարծում եմ՝ տեղյակ չեն եղել, որ դրանք աղբամաններ են ու աղբը թափել են այդ հատվածում»:

Լավ, ասենք բնակիչները «չեն իմացել, որ դրանք աղբամաններ են», աղբահանողնե՞րն էլ չեն իմացել, որ երեք օր գետնին թափվածը աղբ է: Պատասխանը ակնհայտ է` կամ հները տանելուց դատարկել են պարունակությունը գետնին, կամ օրերով ոչ մի տեսակ աղբաման չի եղել:

Հիշեցնենք, որ «աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով» քաղաքապետարանի հայտարարած ՄԻՋԱԶԳԱՅԻՆ մրցույթում հաղթել է լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը, իր մեծ աղբատար մեքենաներով: Այսօր պարզվեց նաև, որ դրանք Երևան քաղաքի նորակառույցների բակեր դժվարությամբ ու խցանում առաջացնելով են մտնում:

Որոշ բակեր չեն էլ կարող մտնել` հրշեջ, աղբատար, շտապօգնության մեքենաների համար տեղ-տեղ «մոռացել են» մուտք թողնել:

Այստեղ հարցը ընկերությունը չէ: Գուցե և լավն է, արժանի հաղթելու: Հարցը հետևյալն է` ինչ չափանիշներ է առաջարկել քաղաքապետարանը մրցույթում հաղթելու համար, եթե իր կառավարած քաղաքը ամենևին «չի հարմարվում» հաղթողին:

Ի դեպ` աղբամանները արտաքինից հներից միայն մաքրությամբ են տարբերվում. Դրանք հարմարեցված չեն տեսակավորված աղբի համար, ինչը, առանց հարցման էլ, նշանակում է, որ աղբամշակումը մրցույթի պահանջների մեջ չի էլ եղել:

Լուսանկարները` այսօրվա:

Placeholder
Երբ Երևան քաղաքը հարմարեցված չէ քաղաքապետարանի մրցույթների հաղթողներին