Ա. Աշոտյանը՝ դասախոսների կուտակային կենսաթոշակի հարցի մասին
Կրթություն, գիտություն
14:32 04/12/2014

Ա. Աշոտյանը՝ դասախոսների կուտակային կենսաթոշակի հարցի մասին

Բուհերի կարգավիճակի փոփոխությունը` պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերածվելով հիմնադրամի, արվել է բուհերին ինքնավարություն տալու նպատակով: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Դա իրականացնում ենք ինչպես օրենսդրական փոփոխությունների, այնպես էլ բուհերի կազմակերպաիրավական ձևի փոփոխության շնորհիվ: Հաշվի առնելով նաև միջազգային փորձը` գտնում ենք, որ հիմնադրամները բուհերին տալիս են ավելի մեծ ազատություն, հատկապես` ինքնուրույնություն ֆինանսատնտեսական, գիտելիքի առևտրայնացման հարցերում և այլն»,- ասաց նախարարը` հավելելով, որ նաև ընդլայնելու են բուհերի ակադեմիական ազատություններն ու ինքնավարությունը` կապված կրթության բովանդակության ու կառավարման հետ:

Ա. Աշոտյանը նշեց, որ բուհերի կարգավիճակը փոխելով՝ լուծվում է նաև համատեղությամբ պետական և մասնավոր հատվածում աշխատող երիտասարդ դասախոսներից սոցիալական պարտադիր վճարի կրկնակի գանձման հարցը:

«Հիմնադրամների պարագայում երիտասարդ դասախոսները, որոնք աշխատում են մասնագիտացված մասնավոր կազմակերպությունում, բայց բուհի համար կարևոր են որպես դասախոս, հնարավորություն կունենան չմասնակցել կուտակային համակարգին»,- ընդգծեց Ա. Աշոտյանը:

Նշենք, որ հիմնադրամի են վերածվել ԵՊՀ-ն, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ու Պոլիտեխնիկը:

Ըստ նախարարի` այս խնդիրը հիմնականում առկա է վերոնշյալ համալսարաններում, քանի որ համատեղությամբ աշխատող դասախոսների 95 տոկոսն աշխատում են հենց այդ բուհերում:

Placeholder
Ա. Աշոտյանը՝ դասախոսների կուտակային կենսաթոշակի հարցի մասին