Ամանորին ապխտած կոկորդիլոսներ կներկրվեն Հայաստան
Տնտեսություն
09:18 05/12/2014

Ամանորին ապխտած կոկորդիլոսներ կներկրվեն Հայաստան

Հայաստանյան ընկերություններից մեկը դիմել է ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ կոկորդիլոս ներմուծելու թույլտվություն ստանալու համար:

Panorama.am-ին ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը հայտնեց, որ ընկերությունը դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից 4 հատ հում ապխտած կոկորդիլոս ներմուծելու թույլտվություն ստանալու համար: Ծառայությունից ընկերությանը չեն արգելել: Այս պահին դեռևս կոկորդիլոսները Հայաստան չեն բերվել:

Գիշատիչ այս կենդանին ապխտած վիճակում առաջին անգամ Հայաստան բերվեց անցած տարի: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին էր, որ քաղաքացիներն անկտիվորեն քննարկում ու տարակուսանք էին հայտնում սուպերմարկետներից մեկում հայտնված կոկորդիլոսի գնի վերաբերյալ: Հիշեցնենք, որ կոկորդիլոսն արժեր 380 հազար դրամ:

Այն Հայաստան ներկրած SAS Group-ի սեփականատեր Արտակ Սարգսյանը Panorama.am-ին ասել էր, որ բացի այդ պահին Հայաստան բերված երեք կոկորդիլոսից ներմուծվելու է ևս 12-ը: Գործարար պատգամավորն ասել էր, որ դրանք պատվիրատուներ ունեն՝ իհարկե, գաղտնի պահելով ամանորի սեղանին կոկորդիլոս դնելու անհագ ցանկություն ունեցողների անունները: Մամուլում անուններ շրջանառվեցին, սակայն ապացույցներ չեղան:

Նախորդ տարի Սննդամթերքի անվտանգության ծառայությունից Panorama.am-ին պարզաբանել էին, որ կոկորդիլոսի միսը համարվում է ազատ վաճառքի սննդատեսակ, Նահանգներում էլ շատ տարածված ուտեստ է:

Նախորդող հրապարակում՝
Այն մասին, թե որտեղից են Հայաստան ներկրվել ամանորյա կոկորդիլոսները

Placeholder
Ամանորին ապխտած կոկորդիլոսներ կներկրվեն Հայաստան