Մարդու իրավունքների պաշտպանի վերլուծությունը՝ պետական մարմինների աշխատանքի վերաբերյալ
Իրավունք
10:36 10/12/2014

Մարդու իրավունքների պաշտպանի վերլուծությունը՝ պետական մարմինների աշխատանքի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր սեղան քննարկում, որին մասնակցում են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Կարեն Անդրեասյանն անդրադարձավ յուրաքանչյուր ոլորտի, որոնց ղեկավարները ներկա էին քննարկմանը:

Պաշտպանի խոսքով, Սահմանադրական դատարանն այս տարի մի քանի փայլուն որոշումներ է կայացրել, որոնք ժողովրդի համար դրական նախադրյալներ են ստեղծել:

«Ոստիկանության համակարգում ծեծը, բռնությունը, կաշառակերությունը վերջին տարիներին գրեթե վերացել է, նվազել է, ոստիկանները դարձել են բարեկիրթ, բարեհամբույր»,- ասաց Կ. Անդրեասյանը:

Նա նշեց, որ խաղաղ հավաքների հետ կապված որոշակի խնդիրներ կան, ինչը կարելի է լուծել միասին աշխատելու արդյունքում:

Արդարադատության նախարարության հետ կապված, պաշտպանն ասաց, որ մի շարք դրական կոնկրետ խոստումներ են ստացել, ինչը կարևոր գրավական է:

«Քննչական կոմիտեն
նոր մարմին է: Կոնկրետ մարդակենտրոն աշխատանք է տանում, տուժողի, մեղադրողի իրավունքները պաշտպանվում են: Այս մարմնի աշխատանքում թափանցիկ մոտեցում ենք տեսնում: Մարդկանց իրավունքները ռեալ երաշխավորվում են»,- ասաց Կ. Անդրեասյանը:

Կրթության և գիտության նախարարության ձեռբերումներն էլ, ըստ օմբուդսմենի, շատ մեծ են:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին էլ շնորհակալություն հայտնեց Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում կատարված դեպքերի բացահայտման համար:

«Դրական համագործակցություն ունենք կառավարության հետ: Ակնկալում ենք հաջորդ տարի էլ շարունակել այդ համագործակցությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ ցանկալի է սոցիալական նշանակություն ունեցող հարցերի քննարկման վերաբերյալ ավելի լայն հարթակ ստեղծել:

Պաշտպանության նախարարության կատարած աշխատանքի վերաբերյալ Կ. Անդրեասյանն առանձնացրեց ադրբեջանական սիստեմատիկ ագրեսիաներին դիմագրավելը, որը մարդու իրավունքների պաշտպանության, հերոսության լավագույն դրսևորումներից է: Այս ամենը, ըստ նրա, հետևողական աշխատանքի արդյունք է: Նա նշեց, որ զորակոչիկների բաշխման ընթացքում վերացել են կոռուպցիոն դրսևորումները:

Placeholder
Մարդու իրավունքների պաշտպանի վերլուծությունը՝ պետական մարմինների աշխատանքի վերաբերյալ